Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում երկու դիակ են հայտնաբերել

Բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են երիտասարդ տղայի, լոգարանում էլ՝ միջին տարիքի տղամարդու դիակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի 62 շենքի բնակարաններից մեկում փրկարարները տղամարդկանց դիակներ են հայտնաբերել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգը ստացել է հունվարի 5-ին, ժամը 22։47-ին։

Չար բախտ և փրկություն. Մագնիտոգորսկի փլուզված շենքում բնակվող ընտանիքների պատմությունները

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ըստ ԱԻՆ–ի` բնակարանում հայտնաբերվել են Ն. Ա.-ի (ծնված 1994 թ.) և անձը չպարզված քաղաքացու դիեր:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Ն. Ա.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ ոստիկաններն ու փրկարարները 9-րդ հարկի բնակարանի հյուրասենյակում, բազմոցին պառկած հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ, 24-ամյա Արայիկ Ասատրյանի դին, իսկ լոգարանում հայտնաբերել են անձը չպարզված 60-65 տարեկան տղամարդու դի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց մահվան պատճառը կարող է լինել շմոլ գազի արտահոսքը։