Արսեն Թորոսյանը դժգոհ է երկարատև հանգստից

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարն առաջարկում է կրճատել Նոր տարվա հանգստյան օրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է աշխատանքային ռեժիմին վերադառնալու մասին։

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանում տոնական ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն։

«Հուսամ` նոր ԱԺ-ն ամանորյա ոչ աշխատանքային օրերի կտրուկ կրճատման հարցը արագ կլուծի»,– գրել է Թորոսյանը։

Նշենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի» համաձայն` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ Նոր տարվա տոներն են, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին` նախածննդյան տոները, իսկ հունվարի 6-ին՝ Սուրբ ծնունդն ու Հայտնության օրը: Դե իսկ հունվարի 7-ին նույն օրենքով մեր երկրում Սուրբծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրն է, որը նույնպես ոչ աշխատանքային է:

Ի դեպ, անցյալ տարի Ամանորից առաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 2018-ը կլինի վերջին տարին, երբ Հայաստանն այսքան երկար կհանգստանա ձմռանը, նա նախաձեռնեց օրենքի փոփոխություն, որով տոների տևողությունը պետք է կրճատվեր մինչև 3 օր։

ԱԺ ներկայացված համապատասխան նախագիծը, որով 2019 թվականի հունվարի 3-ից սկսած նախատեսվում էր անցնել աշխատանքային ռեժիմի, հետաձգվեց, ապա ընդհանրապես հանվեց շրջանառությունից: