Տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից:
Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ պատարագ:
Առհասարակ ճրագալույցի Սուրբ պատարագ մատուցվում է տարին ընդամենը 2 անգամ` Սուրբծննդյան և Սուրբ հարության տոներին:
Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Ճրագը խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուս:
Տոնի ընթացքում մարդիկ միմյանց ողջունում են այսպես. «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»։