Ավազակային հարձակում 80–ն անց տատիկի վրա

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Հունվարի 4-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 22:50-ի սահմանում ոստիկանության Հրազդանի բաժինն ահազանգ է ստացել, որ Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկում 83-ամյա տատիկի նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը: Ժամանել է նաև կինոլոգիական ծառայության աշխատակիցներ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22:00-ի սահմանում 2 դիմակավորված անձինք մուտք են գործել 83-ամյա Վարսիկ Մանուկյանի տուն և դանակի սպառնալիքով հափշտակել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր և դիմել փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: