Ինչպես փաթաթեմ տոլման, կամ դուրս վռնդեք իմ հյուրերին․զվարճալի դեպքեր փրկարարների Ամանորից

Ամանորն անհնար է պատկերացնել առանց զվարճալի դեպքերի, որոնք երբեմն աբսուրդի են հասնում։ Այս առումով փրկարարների աշխատանքը բացառություն չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Ինչպես և ցանկացած տոն, այնպես էլ Ամանորն անհնար է պատկերացնել առանց զվարճալի միջադեպերի, որոնք երբեմն աբսուրդի են հասնում։ Աշխատանքի բերումով արտակարգ ծառայությունների աշխատակիցները ստիպված են բոլորից շատ հանդուրժել այդ դեպքերի հետևանքները։ Այս Նոր տարին այդ առումով բացառություն չէր։

Թեև անցնող տոները ծիծաղելի դեպքերով շատ հարուստ չէին, սակայն այն, ինչ այս տարի է տեղի ունեցել, անգամ ամենապատրաստված ընթերցողի ծիծաղը կբերի։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանն այս օրերին տեղի ունեցած երկու դեպք պատմեց։

Ձմեռ պապի հագուստով փրկարարները «ներխուժել» են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն

Առաջինը «խոհարարական» բնույթի է։ Միջին տարիքի տղամարդը զանգահարել է 911 ու տոլմա փաթաթելու ձևերն է հարցրել։

«Նա հարցնում էր՝ ինչպես փաթաթել տոլման, որ հետո չքանդվի։ Բնականաբար ասացինք, որ դժվար թե կարողանանք օգնել խոհարարական արվեստը յուրացնելու հարցում, քանի որ փոքր-ինչ այլ գործառույթ ունենք», - ասաց Խանգելդյանը՝ զսպելով ծիծաղը։

Նա չբացառեց, որ տղամարդը կարող էր ալկոհոլի ազդեցության տակ լինել։ Ամեն դեպքում անհաջողակ խոհարարի զանգն ուրախացրել է նույնիսկ շատ բան տեսած փրկարարներին։

Մյուս սյուժեն էլ կապված է Ձմեռ պապի հետ։ 911 ծառայություն է զանգահարել տարեց մի տղամարդ ու վրդովված պահանջել, որ իր տուն Ձմեռ պապ ուղարկեն։ «Ինչու՞ է բոլորի մոտ գնում, բոլորին նվերներ տալիս, իսկ ինձ ուշադրություն չի դարձնում», - ասել է տղամարդը ԱԻՆ-ի հերթապահ օպերատորին։  Ստիպված են եղել տխրեցնել պապիկին և հանգամանորեն բացատրել, որ Ձմեռ պապն ընդամենը կերպար է, ընդ որում` հորինված է բացառապես երեխաների համար, նրանց ուրախություն պատճառելու նպատակով։

«Փորձեցինք մեր զրուցակցին հոգեբանական աջակցություն ցուցաբերել, բացատրել Ձմեռ պապի գոյության էությունն ու իմաստը։ Հուսով ենք՝ նա շատ չտխրեց», - պատմեց Խանգելդյանը։

Արտակարգ ծառայությունների աշխատակիցները նախկինում էլ են ծիծաղելի զանգեր ստացել։  Խանգելդյանը հիշում է, որ Ամանորի գիշերը մի մարդ զանգել ու խնդրում էր իրեն ազատել հյուրերից։

Նախկինում բազում դեպքեր են եղել, երբ փրկարարները դեպքի վայր են մեկնել անհեթեթ պատճառներով կամ կեղծ կանչերով։ Բարեբախտաբար, այս անգամ նման դեպքեր չեն եղել։ Ու մեկ–երկու անիմաստ զանգերը ոչ միայն առանձնապես չեն խանգարել ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին, այլև բարձրացրել են նրանց տրամադրությունը։  Այնուամենայնիվ, տոների ժամանակ փրկարարները պատրաստ են դեպքերի ամենաանսպասելի զարգացումների։