Հայ Դատի հանձնախումբը պատրաստ է համագործակցել ԱՄՆ նոր դեսպանի հետ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր դեսպանի հետ համագործակցությունը կհանգեցնի հայ-ամերիկյան հարաբերությունների լավացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը 2019 թվականը կսկսեն ԱՄՆ նոր դեսպանների՝ Լին Թրեյսիի և Իրլի Լիտցենբերգերի հետ, որոնց թեկնածությունը հաստատվել է Սենատում քվեարկության արդյունքում, որը տեղի է ունեցել Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում Հայոց ցեղասպանության և Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիայի հարցերը քննարկելուց հետո: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ:

«Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն». Մինասյանը շնորհավորել է նոր դեսպանին

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն անհամբերությամբ սպասում է նոր տարում դեսպան Թրեյսիի հետ աշխատելուն՝ բարելավելու համար ԱՄՆ-Հայաստան ռազմավարական հարաբերությունները»,- շեշտել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հույս հայտնելով, որ «Բաքվում ԱՄՆ դեսպանը մարտահրավեր կնետի Ալիևի հակահայկական բռնությանը և բացեիբաց կհակադարձի ռեժիմի՝ գնալով վատթարացող ճնշումներին ներքին այլախոհության նկատմամբ»:

Նշվում է նաև, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսիին Սենատում անցկացված լսումների ժամանակ հարցեր են ուղղվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության արդար ճանաչմանը խոչընդոտելու հարցում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ:

Թրեյսին խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց՝ նշելով, որ «Թրամփի վարչակազմն ու ինքն անձամբ ճանաչում են Օսմանյան կայսրության պատերազմի տարիներին տեղի ունեցած զանգվածային սպանություններն ու տեղահանությունները, որոնք 1,5 մլն մարդու կյանք են խլել»:

Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ Սենատը հաստատել էր Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները։

Ամերիկյան օրենսդրության համաձայն` արտերկրում դեսպաններին առաջադրում է ԱՄՆ նախագահը, հաստատում` Սենատը:

Մինչ նոր նշանակումը ՀՀ–ում ԱՄՆ դեսպան նշանակված Լին Թրեյսին ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նա զբաղեցրել է նաև Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնը: