Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Որքան ավելի թանկ է օծանելիքը, այնքան ավելի երկար է պահպանվում դրա բույրը։ Օծանելիք ընտրելիս հայաստանցիների գրեթե 90%–ը հենց այդ կարծրատիպով է առաջնորդվում։
Իրականում ամեն ինչ այլ կերպ է, օծանելիքի որակը ոչ մի կերպ կապ չունի գնի հետ։ Արժեքավոր այս միտքը Sputnik Արմենիայի թղթակցին ասաց «Մերի» օծանելիքների խանութների խորհրդատու Հայկուհի Ծերունյանը։
«Հաճախորդները գալիս են մեզ մոտ ու միանգամից կանգնում են ավելի թանկ պարֆյումով սրվակների մոտ` եզրակացնելով, որ հենց այդ օծանելիքն է ավելի կայուն լինելու։ Բայց թե որքան է հոտը զգացվելու ձեր մաշկի վրա առաջին հերթին կախված է ձեր մաշկից», – ասում է Ծերունյանը։
Նույն հոտը տարբեր ձև է բուրում տաբեր մարդկանցից, նույնը վերաբերում է նաև կայունությանը։ Գործնականում նույնիսկ ամենաթանկ պարֆյումի հոտը կարող է արագ անհետանալ այն պարզ պատճառով, որ չի համապատասխանում ձեր մաշկին։
Ինչպես կողմնորոշվել օծանելիքի խանութում
Օծանելիքը ճիշտ ընտրելու համար պետք է մի քանի նրբություն իմանալ։ Պետք է հիշել, որ ավելի երկար շլեյֆ ունեն արևելյան քաղցր բույրերը, ինչը պայմանավորված է (ի տարբերություն «թեթև» օծանելիքի) վանիլի, պաչուլիի, բերգամոտի ու մուշկի պարունակությամբ։
«Ցիտրուսային հոտերն այդքան երկար չեն մնում։ Քաղցր հոտերում կա վանիլ, սուրճ, բերգամոտ, իլանգ–իլանգ, մուշկ. դրանք ավելի երկար են մնում», – ներկայացնում է Ծերունյանը։
Պարֆյումը մի քանի տեսակի է լինում. ամենակայունը Eau de parfume–ն է, կամ այն մեր դասական պատկերացմամբ օծանելիք ենք անվանում։ Հենց այդ տեսակն ունի պարֆյումերային յուղերի ամենամեծ խտությունը` մոտ 20-30%։
Դրանք սովորաբար թանկ են, այդ պատճառով հատկապես տխուր կլինի սխալվել այդ հարցում։ Մասնագետն անպայման խորհուրդ է տալիս բույրը փորձել դաստակի վրա։ Եթե բույրն այստեղ բացվում, լավ զգացվում է ու դուր է գալիս, հանգիստ վերցրեք։
Eau de toilette–ը երկրորդ տեսակն է, ի դեպ, այն ամենամեծ պահանջարկ ունի։ Այստեղ բուրող նյութի պարունակությունը 11–ից 20% է։ Սովորաբար նման օծանելիքը երեքից հինգ ժամ է մնում։ Սակայն այստեղ էլ, իհարկե, ամեն ինչ կախված է բաղադրիչների համադրությունից ու գերակշռող նոտայից։
Ամենաթեթև տեսակը Eau de cologne–ն է։ Բոլորը գլխի ընկան, որ խոսքն օդեկոլոնի մասին է։ Այստեղ բուրավետ նյութերի խտությունը կազմում է առավելագույնը 4%, մնացածը սպիրտ է։ Զարմանալի չէ, որ դրանք ավելի էժան են ու պակաս կայուն։
«Պարֆյումի կայունության հարցում առանցքային դեր են կատարում բաղադրիչները։ Ավելի հագեցած ու «ծանր» բաղադրիչները կարող են երկարացնել պարֆյումի տևողությունը, նույնիսկ եթե դա Eau de toilette է», – նկատում է Ծերունյանը։
Մասնավորապես, դրանց շարքում են պուդրային բույրերը, այնպիսի բաղադրիչների համադրությունը, ինչպիսին է բերգամոտը, պաչուլին, իլանգ-իլանգը։ Ցիտրուսային բույրերն ավելի հեշտ ու արագ են անհետանում։
Ինչ են նախընտրում հայաստանյան սպառողները. 2019–ի միտումները
Հայաստանում յուրաքանչյուր երկրորդը նախընտրում է քաղցր, արևելյան բույրեր, որոնք պարունակում են փայտի, մուշկի նոտաներ։ Վերջերս մեր երկրում մեծ պահանջարկ ունեն ծխախոտային, վանիլային բույրերը, որոնք առավել կայուն են համարվում։
2019–ին նորաձև են լինելու սանդալի ծառի հոտով պարֆյումները, նաև մորիի, վարդագույն պղպեղի, պաչուլիի, տանձի, փայտային սաթի, թուրինջի, հասմիկի երանգներով բույրերը։
Ծաղկային հոտերից թրենդային են մանուշակի, հիրիկի, հակինթի, իլանգ-իլանգի, նարգիզի, ցախկեռասի ու կակաչների նոտաներով պարֆյումները։ Առաջին շնչից կգրավեն նաև սև մուշկը, պաչուլին, հասմիկը, ծաղկային, ցիտրուսային ու թունդ հոտերը։
Ընդհանուր առմամբ, արդիական են մնում ցիտրուսային, ծաղկային ու փայտային բույրեը, սակայն այստեղ լուրջ սահմանափակումներ կան։ Ցիտրուսային հոտերը շատ արդիական կլինեն ամռանը։ Փայտային, արևելյան բույրերը` ձմռանն ու վաղ գարնանը։