Մոսկվայում կալանավորել են լրտեսության մեղադրանքով ձերբակալված ամերիկացուն

Փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Մոսկվայում կալանավորել են լրտեսության մեղադրանքով ձերբակալած ամերիկացի Փոլ Ուիլանին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է նրա փաստաբան Վլադիմիր Ժերեբյոնկովը։

«Դատարանը խափանման միջոց ընտրել է կալանքը… Մոսկվայի Լեֆորտովո դատարանի որոշումից հետո այսօր վերաքննիչ բողոք եմ ներկայացրել։ Խնդրում եմ ազատ արձակել նրան գրավի դիմաց, որի չափն առաջարկում եմ` որոշի դատարանը», – ասել է իրավաբանը։

Նա պարզաբանել է, որ գրավը կարող են վճարել կալանավորվածի բարեկամները։ Հնարավոր է նաև, որ ամերիկացին կարողանա վճարել սեփական միջոցներից։ Ավելի վաղ նրանից երկու բանկային քարտ են առգրավվել։ Փաստաբանը նշել է, որ տեղյակ չէ, թե որքան գումար կա այդ քարտերում։

2018 թվականի վերջին օրը Մոսկվայում ԱԴԾ–ն ձերբակալել էր ամերիկացի Փոլ Ուիլանին լրտեսական ակցիա իրականացնելիս։ Նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել։ Պետդեպի ներկայացուցիչը հաստատել է ՌԻԱ Նովոստիին, որ Ուիլանը ԱՄՆ քաղաքացի է։

ՌԴ ԱԳՆ–ն հայտնել է, որ ԱՄՆ–ին հյուպատոսական հասանելիություն են տրամադրել Ուիլանի նկատմամբ, նրան անձամբ այցելել է դեսպան Ջոն Հանթսմանը։ CBC հեռուստաընկերությունը, հղում անելով Կանադայի ԱԳՆ աղբյուրներին, հայտարարել էր, որ ձերբակալվածը Կանադայի քաղաքացիություն ունի։