ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Մագնիտոգորսկի բնակելի շենքի շքամուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը, ցավոք, շարունակում է աճել, ինչն անխուսափելի է։ Մահացածների թվում են նաև տաջիկստանցի կինն ու նրա երեք երեխաները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Տաջիկստանի ԱԳՆ–ի տեղեկատվական բաժնին։
«Տան փլատակների տակ հայտնաբերվել է Ռաջամբո Իսոևայի և նրա երեք երեխաների դիակները։ Բարեկամներն արդեն ճանաչել են նրանց», – հայտնում է Տաջիկստանի ԱԳՆ–ն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարմինները գտել են գիշերը։
«Այժմ որոշվում է նրանց մարմինները հայրենիք տեղափոխելու հարցը, առաջիկա օրերին նրանց կտեղափոխեն Տաջիկստան», – ավելացրել են ԱԳՆ–ում։
Ի դեպ, Իսոևայի ամուսնուն` Տաջիկստանի Խատլոնի շրջանի 26-ամյա բնակիչ Շուհրաթ Ուլֆաթովին, առաջիններից էին հայտնաբերել փլատակների տակ, և այժմ նա հիվանդանոցում է։
Այս տանը բնակվող Իգոր և Նաստյա Կրամարենկոները որոշել էին Նոր տարին դիմավորել տանը, ընտանեկան մթնոլորտում։ Հետո նրանք պատրաստվում էին այցելել աղջկա ծնողներին, որոնք ապրում են հինգ կանգառ այն կողմ։ Իգորն աշխատում էր գործարանում` թերթագլանման արտադրամասում, Նաստյան դասավանդում էր տեղի ինստիտուտի օտար լեզուների ամբիոնում։ Մեկ տարի առաջ ծնվել էր նրանց դուստրը` Միլանան։ Mash տելեգրամ–ալիքը հայտնում է, որ Մագնիտոգորսկի ողբերգության ժամանակ բոլորը մահացել են։
Մեկ այլ կին էլ իր երեխայի հետ փրկվել է շենքի փլուզումից հաշված վայրկյաններ առաջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է պատմել Տատյանա Վորոնցովան` պայթյունի հետևանքով մահացած Վիկտոր Վորոնցովի կնոջ բարեկամուհին։
«6։10 հեռախոսը զնգաց։ Մենք կողքի շենքում ենք ապրում։ Նա (զարմուհին` Լիդիան – խմբ.) բղավեց. «Մեր տունը փլվել է, Վիտյան չկա։ Եկեք»։ Պատկերացնո՞ւմ եք` առավոտյան ժամը վեցն էր։ Մենք քնած էինք։ Վերցրինք վերարկուներն ու գնացինք», – պատմել է Տատյանան։
Տեղ հասնելուց հետո տեսել են, որ հարազատների տան կեսը փլվել էր։ «Նրանց 11 տարեկան դուստրը վատառողջ էր։ Վիկտորն ասել էր Լիդիային. «Երեխայի հետ հյուրասենյակում պառկիր»։ Ինքն էլ Լիդիայի մահճակալին էր քնել», – պատմել է Տատյանան։
Փլվել էր տան այն հատվածը, որտեղ քնած էր եղել Վիկտորը։ Երկրորդ կեսը, որտեղ քնած էին եղել Լիդիան ու դուստրը, որոշ ժամանակ չէր քանդվել, նրանք հասցրել էին տեղափոխվել աստիճանավանդակ, ու այդ պահին շքամուտքը փլվել էր բնակարանի մյուս հատվածի հետ միասին։ Լիդիան և երեխան ողջ էին մնացել։
«Աստված երկրորդ անգամ կյանք տվեց։ Փրկեց երեխայի կյանքը` որոշելով, որ նա այնտեղ պետք է քնի», – ասել է Տատյանան։
Նա ավելացրել է, որ դժբախտության մեջ հայտնված ընտանիքը վարկ էր վերցրել բնակարանը վերանորոգելու համար։
Դեկտեմբերի 31-ին, տեղի ժամանակով ժամը 6-ին Մագնիտոգորսկում, նախնական տվյալով, բնական գազի պայթյունի հետևանքով փլուզվել էր 10 հարկանի բնակելի շենքի շքամուտքերից մեկը։ Ներկա պահին հայտնի է, որ փլուզման հետևանքով մահացել է 39 մարդ, որոնցից 6–ը երեխաներ են։