«Մեր ախպերությանը մաղթում եմ…». ղազախ ոստիկանի շնորհավորանքը չեն գնահատել. տեսանյութ

Սոցցանցերում մի տեսանյութ է հրապարակվել, որում ոստիկանը շնորհավորում է գործընկերներին` նրանց «ախպերություն» անվանելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Նոր տարվան նվիրված տոնական ուղերձը տխուր ավարտ է ունեցել Ղազախստանում։ Կարագանդայի ՆԳՆ ակադեմիայի առաջին կուրսի պետի տեղակալը, որն իր տոնական ուղերձում գործընկերներին դիմելիս օգտագործել է «ախպերություն» բառը, ազատվել է աշխատանքից։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը։

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում ոստիկանական համազգեստով մի տղամարդ շնորհավորում է գործընկերներին` նրանց «ախպերություն» անվանելով։ «Մեր ախպերությանը մաղթում եմ բարգավաճում մինչև յոթերորդ պորտը, որպեսզի մեր ծոռներն օգտվեն մեր կապերից», – ասում է ոստիկանը։

Սադուբաևը հայտնել է, որ տեսագրությունն արվել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին։

«Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` Կարագանդայի ՆԳՆ ակադեմիայի առաջին կուրսի պետի տեղակալ Տաստայբեկովը հեռացվել է համակարգից` պետական ծառայությունը վարկաբեկող արարք կատարելու համար», – հայտնել է Սադուբաևը։

Նա նշել է, որ կարգապահական խիստ պատասխանատվության են ենթարկվել նրա անմիջական ղեկավարներն ու ուսումնական հաստատության ղեկավարությունը։