ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ղազախստանում` Կարագանդա քաղաքում, տեղի ունեցած սպանությանն ազգամիջյան թշնամանքի երանգ տալ պետք չէ։ Այս մասին գրված է Ղազախստանում Հայաստանի դեսպանատան հայտարարության մեջ։
Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։ Ղազախստանի ԶԼՄ–ները հայտնել են, որ սպանության կասկածյալներից երեքը հայեր են։
«Խորապես ցավում ենք մարդկային կյանք խլած ողբերգական դեպքի համար։ Ցավակցում ենք մահացածի հարազատներին և մտերիմներին։ Համոզված ենք, որ քննչական մարմինները կպարզեն դեպքի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն օրենքին համապատասխան», – գրված է հայտարարության մեջ։
Դեսպանատունն ընդգծում է, որ Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ հարգանքով են վերաբերվում ազգային փոքրամասնություններին։
Ղազախստանի ԶԼՄ–ների հրապարակումների համաձայն` փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Կարագանդայի 23-ամյա բնակիչը մահացել է դանակի հարվածներից: Ոստիկանության աշխատակիցների անցկացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են Մալխասյան Թորգոմը, Մալխասյան Սոխակը և Նադիրբեկով Քաիրը։ Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։