ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Նրա թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Facebbik սոցիալական ցանցում այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Գրառմանը կից լուսանկարում ներկայացվում է սենատոր Բոբ Մենենդեսի խոսքը:
«Ես աջակցում եմ այս թեկնածությանը, բայց ակնկալում եմ տիկին Թրեյսիի հետ սերտորեն աշխատել այն հարցի շուրջ, թե ինչպես նա կխրախուսի Հայոց ցեղասպանության ազնիվ ճանաչումը», - ասել է ամերիկացի սենատորը:
Ավելի վաղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում Թրեյսին հայտարարել էր, որ Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել երկրի անկախ պետականությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսն այս պաշտոնում էր նշանակվել 2015 թվականի փետրվարին: Երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին Վաշինգտոնում:
Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպանները առաջադրվում են նախագահի, սակայն հաստատվում Սենատի կողմից: 24 տարվա հանրային ոլորտում աշխատանքի փորձ ունեցող Լին Թրեյսին ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում եղել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպանը, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալը Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով: