Ողբերգական վթարի հետևանքով Լոռու մարզում երկու մարդ է մահացել

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ՃՏՊ մասնակից մեքենաներից մեկով վիրավորներից 2-ին տեղափոխվել են Վանաձորի ԲԿ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Գիշերը, հունվարի 2-ին  ժամը 01:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Ռոսիա» կոչվող ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, շտապօգնության աշխատակիցները դեպքի վայրում են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Rover 600» մակնիշի (վարորդը՝ Դ. Պ., ծնված 1994 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1972 թ.) ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվել է, իսկ ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա. Մ.-ն (ծնված 1947 թ.) տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Rover 600» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Տ. Գ.-ն (ծնված 1994 թ.) և Ա. Թ.-ն (ծնված 1994 թ.), տեղափոխվել են Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ուղղել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել երկու ավտոմեքենաների գազի բալոնների փականները և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևորի ու վարորդի դիերը: