ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. 2018թ.-ի հնչեղ քրեական գործերի շրջանակներում կալանավորվածներից ոմանց նկատմամբ Նոր տարուց օրեր առաջ դատարանը որոշում կայացրեց փոխել խափանման միջոցները: Այս ամենի արդյունքում ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանն ու գործարար Սամվել Մայրապետյանն Ամանորը դիմավորեցին ազատության մեջ՝ իրենց ընտանիքների հետ:
Իսկ ահա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվեց մինչև տոների ավարտը, և Քոչարյանը ստիպված էր տոներն անցկացնել կալանավայրում: Թե ինչպես է երկրորդ նախագահն անցկացրել Ամանորի գիշերը կալանավայրում ու ինչպես է դիմավորել Նոր տարին, հայտնի չէ անգամ նրա փաստաբաններին:
Մեր հարցին, թե ինչպիսին է նրա տրամադրությունը, Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պատասխանեց. «Պարզ է, որ ազատազրկված է, և ոչ մեկին հաճելի չէ ազատազրկված լինելը: Միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը բավական նորմալ է տանում` հաշվի առնելով այդ սահմանափակումները: Ինքն ասում է, որ ավելի ծանր ժամանակներ է ունեցել 90-ականների սկզբին, 80-ականների վերջին Ստեփանակերտում և Ադրբեջանի հետ կռիվներում, որ այստեղ էլ կդիմանա, ու ոչ մի խնդիր չի լինի»,- ասաց Օրբելյանը:
Ինչ վերաբերում է Ամանորին, Արամ Օրբելյանը նշեց, որ որևէ մեկի համար հաճելի չէ Նոր տարին մեկուսարանում դիմավորելը: «Բայց նաև նա շատ լավ հասկանում է, որ այդ փուլում ենք, ցանկանանք-չցանկանանք պիտի անցնենեք, պետք չէ հուսահատվել: Իմաստ չունի անիմաստ հուզականություն ավելացնել: Ինքը հանգիստ է, առողջությունը` նորմալ»,- ասաց փաստաբանը:
Իսկ թե ինչպես են ընդհանրապես ազատազրկման վայրում նշում Ամանորը, մեզ պատմեց մեր գործընկերը` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, որն առիթ է ունեցել 1996թ.-ի Նոր տարին դիմավորել դատապարտյալի կարգավիճակում: Ու թեև քրեակատարողական հիմնարկը կամ, ինչպես ասում են, գաղութը իր ռեժիմով տարբերվում է մեկուսարանից, բայց տնից հեռու Նոր տարի դիմավորելու զգացողությունը գրեթե նույնն է:
«Մենք 3-4 հոգով էինք: Դանակ չէր կարելի ունենալ խցում, բայց մենք ունեինք սուրճ, որը էլի օրինական չէր: PELE սուրճի կափարիչը, ի տարբերություն այժմյանի, ոչ թե փայլաթիթեղից էր, այլ թիթեղից: Հիշում եմ, որ այդ մետաղական կափարիչը դանակի տեղ օգտագործելով` մայրաքաղաքային աղցան պատրաստեցինք»,- շուրջ 22 տարվա հեռավորությունից հիշում է Մանուկյանը:
Նոր տարվա ավանդական այլ կերակրատեսակներ այդ օրը սեղանից բացակայում էին: Թեև հարազատները առանձնահատուկ`տոնական ծանրոցներ էին բերել կալանավայր, բայց դրանից գրեթե ոչինչ իրենց չէր հասել: Սահմանափակումները շատ էին` չէր կարելի ոսկորով սնունդ, տնային պայմաններում պատրաստված խմորեղեն և այլն: Դե իսկ կալանավայրի ճաշացանկում այդ օրը ոչ մի փոփոխություն չէր լինում:
Հաջորդ վառ տպավորությունն այդ Ամանորից ինչ-որ կերպ մեկուսարան հասած կոնյակն էր ու դրանից հրաժարված խցակից օտարերկրացին:
«Մեզ հետ նստած էր Թուրքիայից Հայաստանի սահմանն անցած, կռվից նահանջած, կալանավորված մի քուրդ զինյալ, որին առաջարկեցինք Նոր տարուն գոնե մի բաժակ կոնյակ խմել, բայց հրաժարվեց, որովհետև երդում էր տվել»,- ասաց մեր զրուցակիցը:
Կալանավայրում Նոր տարին ամբողջացնելու համար միայն եղևնի չկար, բայց դա էլ ձեռքի տակ եղած թղթի կտորներից էին պատրաստել:
Իսկ Նոր տարվա շնորհավորական բացիկն Ամանորից օրեր առաջ էր ստացել: Անսովոր մի նամակ էր կամ, ինչպես ընդունված է ասել, քսիվ, որն ինչ-որ ուղիներով կուսակից ընկերներին էր ուղարկել ազատազրկման մեկ այլ վայրում գտնվող ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:
«Սիրելի ընկեր, բան չունեմ գրելու, այդ իսկ պատճառով գրում եմ մի միտք, որ երեկվանից սկսյալ ուղեղիցս դուրս չի գալիս: Երբ արտերկրում էի, շատ էի սիրում «Կռունկը»: Սակայն երբ Հայաստան եկա, մի տեսակ այդ երգն իր իմաստն ու արժեքը կորցրեց ինձ համար: Երեկ ռադիոյից դարձյալ լսեցի «Կռունկը» և, ի զարմանս ինձ, դարձյալ սիրեցի: Պատկերացնո՞ւմ ես` Երևանի կենտրոնում կարոտել եմ Հայաստանս: 25.12. 1995»,- ԱԱԾ մեկուսարանից գրել էր Հրանտ Մարգարյանը:
Գեղամ Մանուկյանն այս նամակն արդեն ավելի քան 22 տարի պահում է ի հիշատակ անցած օրերի և ի հիշեցում այն բանի, որ կյանքը փոփոխական է. երբեմն մարդն ազատ է կալանավայրում, իսկ մի այլ դեպքում անազատ` ազատության մեջ: