ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 2-ին, դաժան վրաերթ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 17։35-ի սահմաններում BMW մակնիշի 67 AA 776 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սայաթ-Նովա պողոտայից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի միջոցով տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մինչ բժիշկների մոտենալը, վիրավորներին տեղում օգնություն են ցուցաբերել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները («կարմիր բերետները»)։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածներն ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և և նրանց երեխան, որոնք ՌԴ քաղաքացիներ են։
Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։