Շուրջբոլորդ լեռներ են․ Հայաստանը Forbes-ի զբոսաշրջային ցուցակում է

Ամերիկյան տնտեսական ամսագիրը պատմել է «լեռներում թաքնված գանձի» մասին, որն անպայման պետք է տեսնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Հայաստանը մտել է Forbes-ի «18 լավագույն ուղղությունները բյուջետային զբոսաշրջիկի համար» ցուցակի մեջ։

Աշխարհի ամենահեղինակավոր և հայտնի պարբերականներից մեկը կոչ է անում ճանապարհորդներին այցելել է Հայաստան, որովհետև սա «երկիր է, որը դեռ չի առնչվել զանգվածային զբոսաշրջությանը»։

Զբոսաշրջիկների թիվն աճել է. ամենաշատը Հայաստանն ուզում են տեսնել ռուսաստանցիները

«Հայաստանն իսկական թաքնված մարգարիտ է` թաքնված Կովկասի լեռներում, որը մինչև հիմա չի ենթարկվել զանգվածային զբոսաշրջությանը և կարող է շատ բան առաջարկել. հարուստ պատմություն, գինեգործարաններ, տպավորիչ տեսարաններ, հնագույն վանքեր և հոգեթով լեռներ, որոնք ամենուրեք են», - գրում է պարբերականը։

Ինչպես ասվում է հոդվածում, մայրաքաղաք Երևանն աշխույժ քաղաք է՝ լայն պողոտաներով, համեղ ռեստորաններով, թանգարաններով և փողոցային շուկաներով, որտեղ վաճառվում են ձեռագործ իրեր։

Հեղինակը գրում է, որ Հայաստանը կատարյալ վայր է գինու սիրահարների համար, քանի որ երկրում կան բազմաթիվ գինեգործարաններ, որտեղ վաճառում են ալկոհոլային խմիչքներ տարբեր մրգերից, այդ թվում Հայաստանի խորհրդանիշից՝ նռից։ Պարբերականը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին դուրս գալ Երևանից և գնալ աշխարհի հնագույն գինեգործարան, որը գտնվում է Արենիում, այցելել հիասքանչ եկեղեցիներ կամ տեսնել աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարը՝ Էջմիածնի եկեղեցին։

Շուրջբոլորդ լեռներ են․ Հայաստանը Forbes-ի զբոսաշրջային ցուցակում է