ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Առաջին ալիքում «Голос» երգի մրցույթի եզրափակիչ անցած Շահեն Հովհաննիսյանը հիանալի ելույթ է ունեցել մրցույթի եզրափակիչում, բայց չի կարողացել զբաղեցնել առաջին տեղը։
Երգի մրցույթում հաղթանակ է տարել Կոնստանտին Մելաձեի թիմի ներկայացուցիչ Պյոտր Զախարովը Պետերբուրգից։ 7-րդ եթերաշրջանի եզրափակչում հանդիպել են նաև Սերգեյ Շնուրովի թիմի մասնակից Ռուշան Վալիևը, Անի Լորակի թիմի Ամիրխան Ումաևը։
Որպես եզրափակիչ երգ՝ Շահենն ընտրել է Let It Snow երգը։ Այդ երգը ժամանակին կատարել են Ֆրենկ Սինատրան, Դին Մարտինը, Էլլա Ֆիցջերալդը, Ռոդ Ստյուարտը և ուրիշներ։ Շահենը կատարել է Իգոր Տոլկովի «Չիստիե պրուդի» երգը։
Ինչ վերաբերում է շոուի հանդիսատեսին, ապա Շահենի երկրպագուների մեծամասնությունը բացասաբար է արձագանքել եզրափակիչի արդյունքներին։
«Նա 100 տոկոս հաղթող է յութուբի վարկածով», - գրել է Jollopukki2-ը։
«Գոնե ինչ-որ դրական բան այս ձանձրալի եզրափակիչում», - գրել է Artem Patalakh։
«Հիշեք խոսքերս։ Ապագայում այս քառյակից մենք կտեսնենք հենց Շահենին», - գրել է Սերգեյ Չեչիկովը։
Օգտատերերը հիշեցրել են Շահենի ելույթը քառորդ եզրափակչում, որտեղ այս տղան Ռիկի Մարտինի «Livin la Vida Loca» երգի հիանալի կատարմամբ նվաճել էր ժյուրիին և հանդիսատեսին՝ համացանցում ստանալով «հայ Ռիկի Մարտին» մականունը։