Կատարյալ Նոր տարվա բաղադրատոմս․ սիրված տոնը հայերին վռնդո՞ւմ է տնից

Ամանորը հայերի համար միշտ ընտանեկան տոն է եղել, որի ընթացքում տարատեսակ խորտիկների ծանրության տակ կքած սեղանը մի քանի օր շարունակ թարմացվել է։ Չէ՞ որ այդ ընթացքում ընդունված է միմյանց հյուր գնալ և հյուր ընդունել։ Սակայն նման ավանդույթը վերջին շրջանում սկսել է ճնշել մեր հայրենակիցներին․․․
Sputnik

Մի քանի տարի առաջ ուզում էի Ամանորն անցկացնել ֆրանսիական Ռիվիերայում, բայց վերջին պահին հրաժարվեցի այդ մտքից․ նախ` դեկտեմբեր-հունվարին այնտեղ չես լողա, մյուս կողմից` ձյուն չի լինի, որն անձամբ ինձ համար տոնական տրամադրության գրավականն է։ Ի վերջո, որոշեցի Ամանորն անցկացնել ընտանիքիս և ընկերներիս հետ։ Բայց պարզվեց` բազմաթիվ ընկերներիցս միայն մեկն է մնացել Երևանում։ Այդ տարի ես զգացի, որ արտասահմանում Ամանորը դիմավորելու միտումն ուղղակի նորաձևություն չէ, տոնը նշելու ավանդույթն էական փոփոխությունների է ենթարկվել, և դրա համար հիմքեր կան։

Ամանորի հայկական ավանդական խաղալիքներն ու Ֆաբերժեի ձվերի նախատիպը․ լուսանկարներ

Խորտիկների ծանրությունից ճկվող սեղաններն ու մշտապես հյուր գնալը երևի սկսել են նեղել մեր հայրենակիցներին։ Այդ ամենից խուսափելու համար մարդիկ ձգտում են Նոր տարին դիմավորել ուրիշ երկրում։ Իմ շրջապատում այս տարի էլ շատերը Նոր տարին չեն նշելու դասական ձևով։

Նարինեն (անունը փոխված է) փորձառու բժիշկ է։ Ընտանիքի հետ մեկնում է Եվրոպա։ Արդեն երրորդ Ամանորն է, որ նրանք դիմավորում են հայրենիքից հեռու։

«Խոստովանեմ՝ ուրախ եմ, որ հիմա այդ օրերին երկրից հեռանալու հնարավորություն կա։ Անձամբ ես երբեք չեմ ուրախացրել՝ հաշվի առնելով հեռավոր ազգականների քանակը, որոնք ոչ միայն հյուր էին գալիս մեզ, այլ նաև երբեմն մնում էին մեր տանը», - ասում է նա։

Հարազատներին ու մտերիմներին այցելելու սովորությունը, ինչպես ցանկացած երևույթ, ունի իր դրական և բացասական կողմերը։ Մի անգամ Ամանորին ինձ բռնացրի այն մտքի վրա, որ իմ կյանքում կան մարդիկ, որոնց հետ հաջողվում է հանդիպել միայն տոներին։ Այսպիսով, դրա շնորհիվ հարազատների միջև կապը չի կորչում (իսկ մենք ամենօրյա հոգսերի մեջ իրար տեսնելու ժամանակ չենք գտնում)։ Մյուս կողմից` բավական տհաճ է, երբ բարի ավանդույթն արհեստական բնույթ է ստանում։ Մարդիկ հաճախ հյուր են գնում ոչ թե շփվելու, այլ զուտ պարտականություն կատարելու համար։ Բայց ավելի վատ է, երբ դու նույնպես ստիպված ես այցելել և շնորհավորել այդ մարդկանց՝ պարտքի տակ չմնալու համար (չէ որ նրանք եկել են)։

Նարինեն ավելացնում է, որ Նոր տարվա արձակուրդը շատերի համար ավելի շուտ սթրեսի աղբյուր է, հատկապես` կանանց համար։

Սերժ Սարգսյանի տոնական ուղերձը մարգարեակա՞ն էր. համերաշխությունից մինչև Ֆրանկլին Գոնսալես

«Չնայած մեծ ծախսերին՝ մարդիկ, հատկապես կանայք, ֆիզիկապես ավելի շատ են հոգնում։ Աշխատանքային հագեցած գրաֆիկից հետո երկար սպասված արձակուրդը վայելելու փոխարեն դու անընդհատ ինչ–որ բան ես եփում–թափում, դիմավորում ես հյուրերին, հետո մաքրում, լվանում», - բողոքում է նա։

Եվ իսկապես հայ կանանց համար այդ օրերը վերածվում են իսկական թոհուբուհի, թեև ոչ բոլորն են դժգոհում դրանից։

Օրինակ` Սուսաննան, չնայած իր պատկառելի տարիքին, պաշտում է տոնական իրարանցումը։

«Դեռ մանկուց ինձ համար յուրահատուկ երջանկություն էր տոնական սեղանի կողքին քնելը։ Մինչև հիմա հաճույքով եմ զարդարում տունը, սեղան գցում ու դիմավորում հյուրերին։ Ընդ որում` բոլոր հիմնական ճաշատեսակները պատրաստում եմ ոչ թե նախօրոք, այլ դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին, որպեսզի հնարավորինս թարմ լինեն։ Բայց վերջին շրջանում նկատել եմ, որ հյուրերն առաջվա պես չեն օգտվում սեղանից», - ասում է Սուսաննան, և նրա նկատառումն իսկապես ճիշտ է։

Կա՛մ գիրանալու խնդիրը հանգիստ չի տալիս մարդկանց, կա՛մ էլի ինչ-որ բան, բայց շատերը միայն բաժակներն են լցնում ու ձեռք չեն տալիս բազմազան ուտեստներին։ Սովորաբար պատճառաբանությունը մեկն է` իրենց տանն էլ նույն բանը կա։

Այս ամենը վկայում է, որ տոնի սովորական ձևաչափն արդեն հոգնեցրել է շատերին։ Մարդիկ ավելի շատ մտածում են տոնն ուրախ անցկացնելու և ոչ թե ընդունված նորմերին համապատասխանելու մասին։

Իհարկե, ոչ բոլորն են շեղվում դասական տարբերակից, ոչ բոլորը հնարավորությունը ունեն Նոր տարին դիմավորելու Երկրագնդի որևէ դրախտային անկյունում, բայց ամեն դեպքում տարեցտարի արտագնա զբոսաշրջության աճ է արձանագրվում այս օրերին։ Նշանակում է` ցանկացողները շատանում են։

Ինչպես պետք է խմել Նոր տարուն` դեմքն աղցանի մեջ չքնելու համար. խումարից ազատվելու խորհուրդ

Ի դեպ, կան մարդիկ, որոնք ոչ մի տեղ չեն մեկնում, բայց տանն էլ չեն մնում։ Օրինակ` Գյումրիում ապրող Տաթևը բնակարան է վարձել Երևանում և Նոր տարին երեխաների ու քրոջ ընտանիքի հետ անցկացնում է մայրաքաղաքում։

«Ուզում ենք երեխաների տանել տարբեր միջոցառումների, ներկայացնումների, ցույց տալ երկրի գլխավոր տոնածառը, նվերներ գնել նրանց», - ասում է նա։

Տաթևը համարում է, որ գումար վատնելու, սեղան գցելու փոխարեն ավելի լավ է համատեղել հաճելին ու օգտակարը։

Դարեր շարունակ Նոր տարին հայերի համար ընտանեկան տոն է համարվել, և հիմա, եթե Ամանորն անցկացնենք հարազատների ու մտերիմների հետ՝ մտածելով ոչ միայն ուտելիքի, այլ նաև լավ տրամադրության մասին, հավանաբար կարևոր չի լինի, թե որտեղ ենք նշում տոնը՝ տա՞նը, օվկիանոսի ափի՞ն, թե՞ աշխարհի քաղաքներից մեկում։