Որտե՞ղ է իրական սահմանագիծը․2019-ից Հայաստանում կավելանա նվազագույն կենսաթոշակը

Նվազագույն կենսաթոշակներն ու նպաստները 16 հազարից կդառնան 25,5 հազար դրամ՝ սա մթերային աղքատության սահմանն է։ Հարցն այն է՝ որն է իրական սահմանագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Նվազագույն թոշակներն ու նպաստները Հայաստանում 2019թ.-ին կավելանան։ ՀՀ կառավարությունն այս մասին որոշումը կայացրել էր դեռ անցած տարվա նոյեմբերին։

Ներկայիս 16 հազարը կբարձրացնեն մինչև 25,5 հազար, այսինքն՝ մինչև մթերային աղքատության շեմը։ Ընդհանուր առմամբ բարձրացումից կօգտվեն 80-ը հազար թոշակառուներ 460 հազարից։

Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները

Իսկ ինչպես որոշել՝ որտեղ է իրական շեմը։ Այս հարցով Sputnik Արմենիայի թղթակիցը դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նրա վերջին մամուլի ասուլիսի ժամանակ։

Բանն այն է, որ Հայաստանում մինչ այժմ պաշտոնապես սահմանված չէ մթերային ու սպառողական զամբյուղի չափը։ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքը դեռ 2004 թվականին է ընդունվել։

Այնտեղ ասվում էր, որ զամբյուղի կազմն ու հաշվարկը պետք է հաստատի կառավարությունը։ Սակայն այս տարիների ընթացքում օրենքի պահանջը չի կատարվել։

«Նախորդ իշխանությունը չէր ուզում, որ դրա սոցիալական քաղաքականությունը հստակ չափելի լինի։ Այդպես ավելի հեշտ է խուսափել պատասխանատվությունից։ Իսկ մենք չենք պատրաստվում խուսափել պատասխանատվությունից», - ասել է Փաշինյանը։

«Երբ այդ զամբյուղը սկսի հաշվարկվել,  մենք համապատասխան որոշում կկայացնենք», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Նշենք, որ Հայաստանում միջին կենսաթոշակը 40 հազար դրամ է։ Վիճակագրության համաձայն` նվազագույն կենսապահովման համար 1 անձին ամսական անհրաժեշտ է նվազագույնը 62 330 դրամ։ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն այս հաշվարկն արել է «հետաքրքրաշարժ վիճակագրություն» հավելվածում` հաշվելով և՛ պարենային, և՛ ոչ պարենային ապրանքները, ինչպես նաև ծառայությունները (այդ թվում` կոմունալ վճարումները)։