Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք մեդալ նվաճեցին ջրացատկում և հեծանվային սպորտում: Երկար ընդմիջումից հետո տատամիի վրա հնչեց մեր մարզիկի հաղթական կանչը:Ամեն տարի ամփոփելով մարզական նվաճումները միշտ էլ հիանում ես հայ մարզիկների նվաճումներով, բայց նաև ափսոսում ու հավատում, որ կարող էինք անել ավելին: 2019 թվականը հայկական սպորտի համար շատ կարևոր տարի է լինելու: Նախաօլիմպիական տարում մեր բոլոր հավաքական թիմերն արդեն պայքարելու են Տոկիո-2020-ի վարկանիշ վաստակելու համար:
Աշգաբադում Սիմոն Մարտիրոսյանի փայլուն ելույթը, ոսկե մեդալն ու աշխարհի ռեկորդները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ծանրամարտում Հայաստանի ներկայացուցիչները միշտ էլ մրցունակ են եղել ու օլիմպիական խաղերում կարող են մեզ նոր նվաճումներ ապահովել: Գոռ Մինասյանի արծաթե մեդալն էլ իր թիմակցի հաղթանակի շարունակությունն էր: Բացի այս երկու մարզիկներից ծանրամարտի մեր հավաքականում հաղթանակների պատրաստ են ու ամեն ինչ անելու են դրա համար Անդրանիկ Կարապետյանն ու Հակոբ Մկրտչյանը: Ունենք, նաև երիտասարդներ, որոնք մոտ ապագայում իրենց ցույց կտան մրցահարթակում:
Ըմբշամարտում մեր հիմնական հաջողությունները գրանցեցինք Եվրոպայի առանձնություններում: Բայց համոզված ենք, որ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը, ինչպես նաև նրանց թիմակիցները ունակ են նոր բարձունքներ հաղթահարելուն: Մեր առաջատար ըմբիշներին շուտափույթ ապաքինում ցանկանանք: Հրճվանք պարգևեցին ազատ ոճի երիտասարդ ըմբիշները, ինչով ապացուցվեց, որ մոտ ապագայում նրանք էլ կարող են ավելիին հասնել:
Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանի հաղթանակը Եվրոպայի առաջնությունում երկար սպասված էր, սակայն կարևորն այն է, որ մենք ևս մեկ հույս տեսանք այս մարզաձևում: Իսկ հեծանվորդ Էդգար Ստեփանյանի ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում ապացուցեց, որ ունենք մարզիկ, որին մարզվելու համապատասխան պայմաններ ապահովելու դեպքում կունենանք նաև այլ նվաճումներ:
Ջրացատկի Եվրոպայի առաջնությունում աշտարակացատկի սինքրոն ցատկերի մրցումներում Վլադիմիր Հարությունյանի ու Լև Սարգսյանի բրոնզե մեդալը միանշանակ հաղթանակ էր: Եթե հաշվի առնենք թե ինչպիսի պայմաններում էին մեր մարզիկները պատրաստվել մրցաշարին, ապա այս նվաճումը նաև մարզական սխրանք կարելի է համարել:
Շատ լավ է, իհարկե, որ մենք կարող ենք երկար խոսել ու փաստել Հայաստանը ներկայացնող մարզիկների հաղթանակների մասին: Բայց սպորտում հաղթանակն ու պարտությունը միշտ էլ կանգնած են կողք կողքի, այնպես որ մեր սպորտում դեռևս կան խնդիրներ ու նույնիսկ այն մարզաձևերում, որտեղ մենք միայն հաղթանակներ ենք ակնկալում:
2018 թ.-ին հայ ֆուտբոլասերին չուրախացրեց Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանին չկարողացավ հաղթահարել Ազգերի լիգայի խմբային փուլը ու այդ մրցաշարում դառը պարտություն կրեց Ջիբրալթարի հավաքականից: Մեր հավաքականում սերնդափոխություն է սպասվում: Հուսանք, որ 2019 թվականին միլիոնների խաղում էլ կունենանք նոր քայլ առաջ ու նոր հաղթանակներ:
Հայերը մաքսիմալիստ են ու միայն հաղթել են ուզում: Բայց միշտ չէ, որ ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են: Մեր սպորտի համար շատ պատասխանատու տարի է լինելու 2019 թվականը: Հայ մարզիկներին ցանկանանք վնասվածքներից զերծ տարի և ինչքան հնարավոր է շատ օլիմպիական վարկանիշներ: