Ե՞րբ կպարզեցվեն ԵՄ-ի հետ վիզաները. Զոհրաբ Մնացականյանի պատասխանը

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր բաղադրիչներից է: Այս մասին այսօր Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

«Եվրամիությունը մեզ համար չափազանց կարևոր ուղղություն է՝ համալրելու ամբողջականությունը, մեր ներքին օրակարգն առաջ տանելու համար՝ արտաքին քաղաքականությունն օգտագործելով: Այդ առումով սա գերակա ուղղություն է, բուն ձևավորված իրողություն»,- ասել է Մնացականյանը:

Ամերիկյան վիզա ստանալու հարցում իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել. հայտարարություն

Նախարարի պաշտոնակատարը նաև հիշեցրել է, որ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերին, ուժի մեջ է մտել հունիսի մեկին, երբ Հայաստանում թավշյա հեղափոխություն էր:

«Շատ հետաքրքիր շրջան էր, որովհետև արդեն հունիսին մենք ունեցանք Եվրամիություն-Հայաստան գործընկերության խորհուրդը։ Ես իմ մակարդակով արդեն կարողացա ներգրավվել Եվրամիության գործընկերների հետ։ Եվ շատ լավ եմ զգում ինձ այդ դաշտում, նկատի ունեմ կարողացանք շատ արագ ստեղծել այդ բոլոր խողովակները»,- ասաց նա:

ԵՄ հետ պայմանագիրն ու դրա գործողությունների ծրագիրը, Մնացականյանի բնորոշմամբ, Հայաստանի համար զարգացման գործիք է:

Ինչ վերաբերում է Հայաստանի հանրությանն առավել շատ հուզող վիզաների դյուրացման հարցին, Մնացականյանը նշել է, որ դա այսօր օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է:

«Վիզաների դյուրացման հարցը տարբեր երանգներ ունի և տարբեր բարդություններ։ Ի՞նչ առումով, որովհետև, գիտեք, միգրացիայի հանդեպ վերաբերմունքը Եվրոպայում, գիտեք` ինչպես է, առկա են ներքին քաղաքական օրակարգեր տարբեր երկրներում և այլն։ Եվ մեզ պետք է հաղթահարել այս ամենը»,- ասել է նա:

Նշենք, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, իրավական, կրթական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ այն կազմվել է այնպես, որ չհակասի Հայաստանի եվրասիական ինտեգրման շրջանակում իրականացվող գործընթացներին:

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրվել է 2017թ.–ի նոյեմբերի 24-ին Բրյուսելի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում: