Հայաստանը խորացնում է ՌԴ–ի հետ հարաբերությունը, բայց կան բնականոն տարաձայնություններ. ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է գազի գնին, ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին ու ՌԴ-ի հետ հարաբերություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունն իր արտաքին քաղաքականության մեջ հստակ շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման և զարգացման քաղաքականությունը: Այսօր Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին ու ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին:

Տաջիկստանի նախագահը ստորագրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի նշանակման նախագիծը

«Սա մեր արտաքին քաղաքականության այն կարևորագույն ուղղություններից է, որը ծառայում է բազմաթիվ նպատակների՝ և՛ անվտանգության, և՛ տնտեսության, և՛ զարգացման: Այս առումով մենք վերահաստատեցինք, որ ռազմավարական հարաբերությունները մեկ օրվա մեջ ստեղծված չեն, և դրանք արտահայտվում են անմիջապես մեր բոլոր նպատակներում, մենք միասին համագործակցում ենք տարբեր հարթակներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, և մենք մտադրություն չունենք որևէ փոփոխության: Մենք մտադիր ենք այդ ամենը խորացնելու, զարգացնելու՝ որպես իրավահավասար, ստրատեգիական գործընկեր»,- ասաց Մնացականյանը:

Խոսելով ապագա անելիքների մասին` նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանը շարունակելու է թե՛ գազի գնի հարցով, թե՛ այլ հարցերով բանակցությունները, որոնց շուրջ, նրա խոսքով, կարող են առաջանալ «բնականոն տարաձայնություններ»:

«Մենք իրահավասար պայմաններում շարունակելու ենք աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք: Պնդելու ենք դրա վրա: Եվ համբերատար առաջ ենք տանելու մեր օրակարգը: Տարբեր մակարդակներով մենք բավական խորը ներգրավվածություն ունենք, բավական կանոնակարգված և կանոնավոր երկխոսության հարթակներ ունենք, և այդ ամենը մենք շարունակելու ենք: Որևէ կերպ մտադրություն չունենք շեղվելու, որովհետև դա բխում է մեր ազգային շահերից»,- ասել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է նշանակվի կոնսենսուսով. Երևանի հիշեցումը Լուկաշենկոյին

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հարցին, ապա Մնացականյանի դիտարկմամբ` Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է:

«Երբ ասացինք, որ մեր ներքին իրավական հարցերը մենք պետք է տարանջատենք ՀԱՊԿ-ին վերաբերող մնացած հարցերից և տարանջատենք ներքին իրավականը ՀԱՊԿ-ից, մենք գնացինք այդ ուղղությամբ և նախաձեռնեցինք, որ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Ու թեև այդ կառույցը ղեկավարելու ժամկետը Հայաստանի համար սպառվում է 2 տարուց, Բելառուսն այդ պաշտոնում ներկայացրել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը և ստացել կազմակերպության այլ անդամների համաձայնությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության համաձայն` նոր գլխավոր քարտուղարը նշանակվում է լիակատար կոնսենսուսով: