Փաշինյանը մի գեղեցիկ օր էլ կասի`վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է գազի գնին և ՀԱՊԿ քարտուղարի հարցին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Տարին փակում ենք ոչ այնքան հպարտ ու արդյունավետ։ Ամփոփելով 2018թ-ը` ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ դեռ գործող փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հայտնի է` ռուսական գազը որքան կարժենա Հայաստանի համար. «Գազպրոմի» հայտարարությունը

«Նիկոլը, որ ամիսներ շարունակ մեզ մեղադրում էր գազի գինը արհեստական թանկացնելու,կոռուպցիոն գազային սխեմաներ ստեղծելու մեջ, ու նշում,որ իր վարչապետ դառնալուց հետո հայ -ռուսական հարաբերությունները փայլուն են,այսօր հայտարարեց, որ սահմանին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը թանկանում է»,- գրել է Շարմազանովը:

Ներկայացնելով Փաշինյանի խոսքերը` ԱԺ փոխնախագահը նշում է,որ ըստ նրա` «Գազպրոմը» թանկ է վաճառում,բայց իշխանություններն այնպես են անելու, որ ժողովրդի համար գազը չթանկանա:

«Մե՞կ ամի՞ս, երկու՞, երե՞ք, յո՞թ... Մի գեղեցիկ օր էլ կասի` վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա։ Այստեղ են ասել` քաղաքականությունը ոչ թե զազրախոսություն է, այլ արդյունավետություն»,– գրում է Շարմազանովը` շնորհավորելով հայաստանցիների Ամանորն ու Սուրբ ծնունդը:

Իսկ իբրև հետգրություն ԱԺ փոխխոսնակը նաև հիշեցնում է, որ բացի սահմանին գազի թանկացումից, այս տարի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կորուստ ենք ունեցել։

«Սա է Նիկոլի քաղաքականությունը»,– նշում է նա:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ին 2 անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու անգամ էլ թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը: Հեռախոսային զրույցների ընթացքում որոշվել է` գազի գինը կփոխվի, բայց ՀՀ սպառողների համար կմնա անփոփոխ: