ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 30-ին, ըստ հաստատված ավանդույթի, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այցելել է ՀՀ զորամաս:
Ինչպես տեղեկացնում են Արտաքին գործերի նախարարությունից, այս անգամ դա եղել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծը պահող ` ՀՀ Զինված ուժերի N զորամասը և դիրքերը:
Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Զոհրաբ Մնացականյանը զինվորականներին մաղթել է տոկունություն, անկոտրում կամք և անվտանգ ծառայություն.
«Մեր՝ դիվանագետներիս գործը ձեր հաղթանակի շարունակությունն է՝ խաղաղության հաստատումը, որն ամբողջությամբ կարտահայտի Հայաստանի, Արցախի և մեր ժողովրդի շահը: Մենք բազմիցս ենք նշել, որ մեր պատասխանատու դիրքորոշումը չպետք է դիտարկել որպես վճռականության կամ կարողությունների պակաս. վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանի զինված ուժերն ունեն կամք ու վճռականություն, բարձր պատրաստվածություն, բավարար կարողություն և ռազմատեխնիկական հագեցվածություն՝ երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Բոլորիս մաղթում եմ, որ 2019 թվականը լինի խաղաղության, մեր երկրի բարգավաճման և առաջընթացի տարի»:
Զինվորականների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ նախարարի պաշտոնակատարը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության մթնոլորտի հաստատմանն ուղղված ջանքերի շարունակականությունը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում՝ ծանոթանալով ծառայության պայմաններին: