ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. RT ու Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մտադիր է հունվարի մեկին ավանդական հայկական խաշ հյուրասիրել իր բոլոր ընկերներին։ Այս մասին նա երեկ գրել է Instagram-ում։
«Հունվարի մեկին մեր տանը միշտ «Բաց դռների խաշ է»։ Այդպես էր ծնողներիս տանը, Տիգրանի (նրա ամուսին՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը) ծնողների տանը, ու մեզ մոտ էլ ամեն տարի այդպես է։ 31-ից ամսի 1-ը ամբողջ գիշեր խաշ է եփվում, իսկ ճաշից հետո սկսում են հավաքվել ընկերներն ու բարեկամները․ սկսում են իրենց խելքի բերել նախորդ օրվանից հետո», - մեկնաբանել է նա խաշի նյութի նկարը։
Սիմոնյանը նաև գաղտնիք է բացահայտել։ Նա ասել է, որ իրենց տանը դեռ ամսի 29-ից են սկսում խաշ պատրաստել։ Միաժամանակ զգուշացրել է, որ այդ ուտեստի համար միայն դիմացի ոտքերն են պիտանի։
«Խորամանկ վաճառողները կարող են նորեկների վրա հետևի ոտքերը «նաղդել», այդ դեպքում խաշից, կներեք, թրիքի հոտ կգա», - գրել է խմբագիրը։
Նա մանրամասն ներկայացրել է խաշի պատրաստման ընթացքը։
Միաժամանակ Սիմոնյանը զգուշացրել է, որ պետք չէ աղ կամ պղպեղ ավելացնել։ Սակայն ուտեստի հետ անհրաժեշտ է ափսեով ծեծած սխտոր, բողկ, աղ, պղպեղ ու չոր լավաշ մատուցել։
Սիմոնյանի բաժանորդներն անտարբեր չեն մնացել ու գրառման տակ բազում մեկնաբանություններ են գրել։
Նշենք, որ Սիմոնյանի էջում պարբերաբար հայտնվում են տարբեր համեղ ուտեսների լուսանկարներ ու դրանց բաղադրատոմսերը։ Նրա բաժանորդներն արդեն սովոր են դրան ու հաճախ խնդրում են հյուր գնալ։ Սիմոնյանի խոհարարական ունակությունները գովերգում է նաև իր գործընկեր Թինա Կանդելակին։