«Դավիթ Սանասարյանն իրեն վերագրել է ՀՀ վարչապետի գործառույթը». ԵՊՀ ռեկտոր . տեսանյութ

Արամ Սիմոնյանը կարծում է, որ ԵՊՀ-ում չարաշահումների մասին ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետի հայտարարությունը կապ չունի իրական վիճակի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. Պարոնը, որ ղեկավարում է Պետական վերահսկողական ծառայությունը, իրեն վերապահել է ոչնչով չարդարացված և օրենքով իրեն չվերապահված, ՀՀ վարչապետի գործառույթներ: Այս մասին հայտարարել է ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը՝ երեկ ուշ երեկոյան կայացած հրատապ ասուլիսի ժամանակ:

Նոր տարվա լավագույն նվերը ապագա լրագրողներին. լուսանկարներ

«Վերահսկողության ծառայության պետը նշել է, որ ինքը ստուգումների արդյունքներն ուղարկել է դատախազություն: Սա օրենսդրության կոպիտ խախտում է: Նա իրավունք չունի իրեն վերագրելու վարչապետի գործառույթներ, միայն ՀՀ վարչապետը իրավունք ունի որոշում կայացնել և ստուգման արդյունքները ուղարկել դատախազություն,- ասել է նա:

Երևանի պետական համալսարանում Պետական վերահսկողական ծառայության կողմից արված ուսումնասիրությունների արդյունքների մեծագույն մասին հետ մենք համաձայն չենք, որովհետև դրանց մեծ մասը դեկլարատիվ պնդումներ են, ոչ մի կապ չունեն իրական վիճակի հետ:

Հիշեցնենք ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը երեկ Facebook-ի իր էջում արած գրառման մեջ նշել էր, որ ԵՊՀ հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 800 միլիոն դրամի չարաշահում:

«Արդեն 5 ամիս է՝ այս տարվա հուլիսի 30-ից վերահսկողական ծառայությունը համալսարանում իրականացնում է լայնամասշտաբ, իր նախատիպը չունեցող ստուգումներ»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ հավելելով, որ երեք հանձնարարագիր է ստացել ստուգումների վերաբերյալ՝ առաջինը հուլիսին, այնուհետ հոկտեմբերին՝ ստուգումների ժամկետը երկարաձգելու համար, դրանից հետո նոյեմբերի 30-ին՝ դարձյալ ստուգումները մինչև հունվարի 31-ը երկարաձգելու համար:

ԵՊՀ-ն նոր մասնագիտություններ է առաջարկում. մի շարք մասնավոր բուհեր փակվել են

«Վեց ամսվա ստուգումներ են նախատեսված, այն դեպքում, երբ օրենքով այդ ստուգումների ժամկետները սահմանափակ պետք է լինեն: Հայտարարության մեջ նշվում է «երկու ամսվա ստուգումների արդյունքում», ինչը չի համապատասխանում իրականությանը. ուղիղ 6 ամիս է՝ ստուգումներ են հայտարարել»,- ասաց նա՝ մատնանշելով, որ խախտվել է այստեղ ժամկետների մասին օրենքի դրույթը:

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ ստուգումներ են իրականացվել անգամ օգոստոսին, երբ արձակուրդի մեջ է եղել Համալսարանի ամբողջ անձնակազմը. փաստաթղթերը հանձնաժողովին փոխանցվել է կրիչներով: «Այսպիսով, վերահսկողական ծառայությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում, և այդ ստուգումները դեռ չավարտված ղեկավարը հանդես է գալիս հայտարարությամբ՝ բացարձակ չհիմնավորված խոսելով 800 միլիոն դրամի չարաշահումների մասին»,- ասաց Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ-ն արևելյան եվրոպայի լավագույն բուհերի ցանկում է

Նաև մատնանշեց օրենքի կետերը, ըստ որոնց ծառայության աշխատակիցները պետք է խելամիտ լինեն տեղեկատվության օգտագործման հարցում և չպետք է օգտագործեն անձնական նպատակներով, ինչպես նաև ծառայության աշխատակիցները պարտավոր են իրենց ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել այն սուբյեկտին, որին ստուգել են, և այդ ակտը ներկայացնելու հետ նրա բացատրությունները լսելուց հետո միայն կարող են այդ տեղեկատվությունը հանրայնացնել:

«Ես այսօրվա երկրորդ կեսին ստացել եմ ստուգումների արդյունքները, որոնց մեծագույն մասի հետ մենք համաձայն չենք, որովհետև դրանց մեծ մասը դեկլարատիվ պնդումներ են, ոչ մի կապ չունեն ռեալ վիճակի հետ: Եվ նույնիսկ այս բոլոր մտահոգությունները, կրկնում եմ՝ մտահոգությունները, որ նրանք ներկայացրել են, ընդհանուր գումարով մի փոքր ավելի է քան 500 միլիոնը, իսկ ծառայության տնօրենը խոսում է 800 միլիոն դրամի մասին»,- ասաց նա:

Սանասարյանի հայտարարությունը միտված է հասարակությանը մոլորեցնելուն. ԵՊՀ

Արամ Սիմոնյանի խոսքով՝ ստուգումների ամբողջ ընթացքում ԵՊՀ-ն փորձել է պատշաճ ձևով իրականացնել համագործակցությունը, օգնել նրանց, տրամադրել բոլոր փաստաթղթերը, որոնք նրանք պահանջել են: «18 հոգի է այստեղ եղել այդ հինգ ամսվա ընթացքում, բայց գիտենք, որ այդ փաստաթուղթը կազմել է մեկ հոգի՝ ղեկավարը: Դա ևս խախտում է, որովհետև ամեն մեկն իր մասի վերաբերյալ պետք է արդյունքները ներկայացներ: Այս ստուգումները մեզ ցույց տվեցին, որ մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ կազմի հետ, որոնք չեն պատկերացնում իրենց ստուգման օբյեկտը, խնդիրները»,- ասաց գիտությունների դոկտորը:

Հետո նա հավելեց, որ ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ստուգվել է ավելի քան 9․5 միլիարդ դրամի գործունեություն, և ընդամենը մտահոգություն է ներկայացվել 500 միլիոնի շուրջ, որի գերակշիռ մասը, ըստ Արամ Սիմոնյանի, ուղղակի ծիծաղելի և ոչ պրոֆեսիոնալ պնդումներ են:

ԵՊՀ ոսկի երիտասարդները՝ ոսկե մեդալակիր. համալսարանականներն էլի առջևում են

Արամ Սիմոնյանի խոսքով՝ ծառայության աշխատակիցների հետ ունեցած նախնական քննարկումները բացարձակապես համահունչ չեն այսօրվա հայտարարությանը: «Սա արվում է միտումնավոր՝ վարկաբեկելու համար ԵՊՀ-ին, ղեկավարությանը, համալսարանի գործունեությանը՝ մոլորության մեջ գցելով հանրությանը, փորձելով պղտոր ջրում ձուկ որսալ: Նպատակները հայտնի չեն, բայց արվում է միտումնավոր»,- ասաց նա:

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ դիմելու են համապատասխան իրավական գնահատականի պահանջով: «Դատի ենք տալու վերահսկողական ծառայությանը և նրա ղեկավարին այս հայտարարություններից բխող հետևանքների պատճառով հասցված մեր վնասը փոխհատուցելու, մեր բարի համբավը վերականգնելու համար»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ է կարծում, որն է նման հայտարարության պատճառը, նա պատասխանեց, որ հավանաբար այն, որ ինքը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

«Ես «Հանրապետական» կուսակցության անդամ եմ 97 թվից, և դա էլ միգուցե իր դերն է խաղացել, չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ՝ ԵՊՀ-ում չի եղել մի գործարք՝ ցույց տված փաստաթղթերով, որն իրականում չի արվել»,-նշեց նա:

Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ հրաժարական չի տալու, գնալու է մինչև վերջ: «Ես կարծում եմ, որ ունեմ ուսանողների աջակցություն, դասախոսների գերակշիռ մասի աջակցություն, ես, ի վերջո, ընտրված ռեկտոր եմ: Ինձ անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը՝ այն էլ այն դեպքում, երբ ապացուցի, որ ես չեմ կատարել իմ պարտականությունները»,-եզրափակեց նա: