Նոր մանրամասներ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարից. մահացածները նորապսակներ էին

Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ստեղծվել է քննչական խումբ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներ են Լոռու մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 23-ամյա Աշոտ Գևորգյանը, Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Մելինե Օհանյանը, և Լոռու մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 23-ամյա Նելսոն Թադևոսյանը:

Ուղևորատար «Գազելը» բախվել է «Opel»–ին. տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում

Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփան Արիստակեսյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում է, Լոռու մարզի Լեռնանցք գյուղի բնակիչ Սերյոժա Աբգարյանը, Պռոշյան գյուղի բնակիչներ Գեղամ Թովմասյանը, Ալիկ Բաբայանը, Վարդուշ Մնացականյանը, Համլետ Հովհաննիսյանը, Երևանի բնակիչներ, Սմբատ Ասատրյանը, Գայանե Մանթաշյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից Ա. Գևորգյանն ու Մ. Օհանյանը նորապսակներն էին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին։