Ցայտնոտի մեջ ենք. Պեսկովը` գազի վերաբերյալ հայ–ռուսական բանակցությունների արագացման մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ լավատեսորեն է տրամադրված ռուսական գազի գնի հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Երևանն ու Մոսկվան մտադիր են արագացնել գազի գնի վերաբերյալ բանակցությունները։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այսօր լրագրողներին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ լավատեսորեն է տրամադրված ռուսական գազի գնի հարցում։

«Այդ հարցին անդրադարձ է եղել երեկ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվ դարձնել գազի հարցով խոսակցությունը, քանի որ մինչև երեկ մենք ակտիվ բանակցություններ չենք փաստել մեր «Գազպրոմի» և հայ գործընկերների միջև», – ասել է Պեսկովը։

Անդրադառնալով բանակցությունների ժամկետին` Պեսկովը նշել է, որ «ժամկետներ կան, մենք ցայտնոտի մեջ ենք»։

Հիշեցնենք, որ Հայաստանը սահմանին ռուսական գազ է ստանում 1000խմ–ի դիմաց 150 դոլարով, սակայն սպառողին այն կրկնակի թանկ է հասնում։ Ավելի էժան ստանում է միայն Բելառուսը. սակայն այստեղ երրորդ երկրի միջով տարանցման ծախսեր չկան։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր ռուս գործընկեր Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որով ծանուցվում է ռուսական գազի սակագինը 150 դոլարից 215 դոլար բարձրացնելու մասին։ Ավինյանի մամուլի քարտուղարը հերքել էր տեղեկությունը։