Միլլերը Գրիգորյանի հետ քննարկել է Հայաստան գազի առաքումները 2019թ.–ին

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանն ու Մոսկվան մտադիր են արագացնել գազի գնի վերաբերյալ բանակցությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. «Գազպրոմի» կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են գազի առաքումները Հայաստան 2019թ–ին։

Այս մասին ասված է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ։

«Հանդիպմանը քննարկվել է երկկողմ համագործակցության զարգացման ընթացքը։ Մասնավորապես, խոսք է գնացել 2019թ–ին Հայաստան բնական գազի առաքումների մասին», – նշվում է հաղորդագրությունում։

Ցայտնոտի մեջ ենք. Պեսկովը` գազի վերաբերյալ հայ–ռուսական բանակցությունների արագացման մասին

Կողմերը նաև քննարկել են Հայաստանի գազաֆիկացման և հանրապետության տարածքում գազի ստորգետնյա պահեստարանի հարցերը։ Նշվել է, որ գազի ստորգետնյա պահեստարանի հզորությունները պատրաստ կլինեն մինչև 2018-2019թթ.–ի աշնանային–ձմեռային շրջանը։

ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաղորդել է, որ Երևանն ու Մոսկվան մտադիր են արագացնել գազի գնի վերաբերյալ բանակցությունները։ Ավելի վաղ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ Երևանը գազի սակագնի մասին բանակցություններ է վարում ինչպես «Գազպրոմի», այնպես էլ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության հետ, և դրանք ուղղված են սակագների նվազեցմանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը սահմանին ռուսական գազ է ստանում 1000խմ–ի դիմաց 150 դոլարով, սակայն սպառողին այն կրկնակի թանկ է հասնում։ Ավելի էժան ստանում է միայն Բելառուսը, սակայն այստեղ երրորդ երկրի միջով տարանցման ծախսեր չկան։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր ռուս գործընկեր Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որով ծանուցվում է ռուսական գազի սակագինը 150 դոլարից 215 դոլար բարձրացնելու մասին։ Ավինյանի մամուլի քարտուղարը հերքել էր տեղեկությունը։