ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Աուռա» գիշերային ակումբում կրակոց է հնչել, որից հետո 23-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 28-ին։ Ժամը 03։00-ի սահմանում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքով Արտաշատ քաղաքից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ Ռաֆայել Սարգսյանն է։
Իրավապահները պարզել են նաև, որ նրա վրա կրակել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 32-ամյա Դավիթ Պողոսյանը՝ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գործող նշված գիշերային ակումբում։
Ոստիկանները հայտնաբերել են հրազենը, որով Դ. Պողոսյան կրակոց է արձակել Ռ. Սարգսյանի ուղղությամբ, այս պահին էլ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Դ. Պողոսյանին հայտնաբերելու ուղղությամբ։