Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հանրապետության որոշ ճանապարհներ մերկասառույցով են պատվել, մի շարք հատվածներում էլ ձյուն է տեղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 28-ին, ժամը 09:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհները:

Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Գորիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում, Արագածի և Եղվարդի տարածաշրջաններում, Աբովյան-Չարենցավան, Վեդի-Արարատ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք գյուղում և Ամասիայի տարածաշրջանում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: