Երկաթուղով արտահանումն աճել է, ներմուծումը` նվազել. ՀԿԵ

Հարավկովկասյան երկաթուղին տարին ամփոփում է ուղևորափոխադրումների և բեռնահոսքի աճով, բայց ներմուծման նվազումով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 28-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է 2018 թվականի աշխատանքի արդյունքները:

Ինչպես հայտնում են ՀԿԵ–ից, 2018 թվականին երկաթուղով փոխադրումների աճ է գրանցվել։ Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 9,2%-ով։

2018 թ.-ին պետական բյուջե է վճարվել 4 մլրդ դրամից ավելի գումար. ՀԿԵ–ի պատասխանը ՔԿ–ին

Երկաթուղային ճանապարհով արտահանումն աճել է 16,7%–ով, ներքին բեռնափոխադրումները` 19,8%։ Փոխարենը նվազել է երկաթուղային ներմուծումը՝ 13%-ով:

2018 թվականին երկաթուղով փոխադրվել է 384 հազար ուղևոր, ինչը 4,9%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Ընդ որում, աճը միջազգային հաղորդակցությունում կազմել է 6,9%, տեղականում՝ 4,5%:

Սերգեյ Վալկոն նշել է, որ երկաթուղին սպասարկել է 13 210 գնացք, որից 13 048-ը՝ ըստ չվացուցակի: 600-ով ավելացել է բեռնատար գնացքների թիվը` հասնելով 8 744–ի։

«Այս տարի մենք շահագործման հանձնեցինք նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որն այժմ էքսպրեսի ձևաչափով աշխատում է Երևան-Գյումրի-Երևան երթուղում: Գնացքը յուրահատուկ է՝ այն կառուցվել է հատուկ Հայաստանի կարիքների համար» - ասել է Սերգեյ Վալկոն:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն 2008թ–ից հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: