«Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն». Մինասյանը շնորհավորել է նոր դեսպանին

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան է նշանակվել Կարեն Նազարյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը շնորհավորել է նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Այս մասին Միքայել Մինասյանը գրել է Facebook-ի իր էջում:

«Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից Կարեն Նազարյանն այսօր ստանձնեց Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:

Համոզված եմ, որ պարոն Նազարյանի երկարամյա փորձի, նվիրվածության ու ջանքերի արդյունքում հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի: Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արված գործը, ռեալ արդյունքն ու լավ ավանդույթները մնայուն արժեք են:

Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք:

Շնորհավորում եմ, պարո՛ն դեսպան և բարի երթ եմ մաղթում»: