Ողբերգական ավտովթար Երևանում. կան զոհեր և վիրավորներ

«Աստղիկ» հիվանդանոց հոսպիտալացված 3 վիրավորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Երևանում տեղի ունեցած ավտովթարը 2 մարդու մահվան պատճառ է դարձել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, երեկ` դեկտեմբերի 26-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

ЗИЛ-ը մոտ 70 մետր գլորվել է ձորը. վարորդի դին փրկարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus LS 430» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Է. Ք., ծնված 1968 թ.) ավտոմեքենաները, այնուհետև բախվել արգելապատնեշին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Ավտովթարի հետևանքով ավտոմեքենաների վարորդները տեղում մահացել են:

«Lexus LS 430» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել՝ 23:43-ին. այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Ուղևորներ՝ Է. Բ.-ն (ծնված 1989 թ.), Ս. Բ.-ն և Լ. Բ.-ն (ծնված 1970 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: