ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկայի ամենահայտնի ընտանիքներից մեկը` Քարդաշյան–Ջեներ կլանը, իսկական սուրբծննդյան հեքիաթ էր կազմակերպել Ամանորի նախօրեին։
Բացի աստղային հյուրերից խնջույքին ներկա էին նաև ընտանիքի բոլոր անդամները` ընտանիքի մայր` Քրիս Ջեները, ավագ դուստր` Քորթնի Քարդաշյանը, Քիմ Քարդաշյան–Ուեսթը, Քլոե Քարդաշյանը, Քենդալ Ջեները և Քայլի Ջեները։
Կանանց զգեստները ոգեշնչել են նորաձևության երկրպագուներին։ Օրինակ` 21-ամյա Քայլին ոտքից գլուխ փայլերի մեջ էր, Քիմը` Gucci–ից զգեստով, չափից դուրս բաց դեկոլտեով։
Իսկ 23-ամյա Քենդալը բաց ուսերով համեստ կանաչ զգեստ էր կրում։ Նա տոնական երեկույթի համար ընտրել էր Сhristiаn Siriаnо օրիգինալ գործը, որը նույնիսկ դեռ խանութներում չի հայտնվել։
Ինչ վերաբերում է նորաթուխ մայրիկներին` Քլոեին և Քայլիին, նրանք գերադասել են, որ իրենց և դուստրերի զգեստները միանման լինեն։
Բացի այդ, Քլոեն իր մտերիմ ընկերուհուց` դիմահարդար Հրուշ Աճեմյանից նվեր է ստացել։ Աղջիկը հայտնի է հայերենի իր իմացությամբ և մայրենիի դասեր է տալիս Քարդաշյան քույրերին։ Ամանորին Հրուշը Քլոեին` «Քարդաշյան» հայերեն գրությամբ ոսկե շղթա է նվիրել։
Քիմ Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը, ժպտում էր բոլոր լուսանկարներում, ինչն այդքան էլ բնորոշ չէ մշտապես խոժոռ և մտամոլոր ռեփերին։ Երեխաների` Չիկագոյի, Նորթի և Սեյնտի հետ միասին, լուսանկարվում էին սուրբծննդյան բացիկների համար։ Ի դեպ, փոքրիկ Նորթին`զույգի ավագ դստերը, համեմատել են Քիմի քրոջ` Քորթնիի հետ։ Միևնույն ժամանակ երկրպագուները դժգոհ էին 5 տարեկան աղջկա դեմքին առկա մեյք–ափի առատությունից։