Հայաստանի իշխանությունը պետք է ուշադիր հետևի Մերձավոր Արևելքի իրադարձություններին.արաբագետ

Փորձագետը կարծում է, որ սեփական ԶՈւ–ն Սիրիայից դուրս բերելու ամերիկյան որոշումից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին անկանխատեսելի կդառնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. 2019 թվականին Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին կթեժանա, քանի որ տարածաշրջանային ուժային կենտրոններն ամերիկացիների հեռանալուց հետո կսկսեն «մկաններ ցուցադրել»։ Սիրիայում իրավիճակի սրացումը, իհարկե, կազդի նաև հայ համայնքի վրա։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այսօր այս մասին ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Ի՞նչ կլինի Մերձավոր Արևելքում. Sputnik-ի հյուրն Արմեն Պետրոսյանն է

Դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարեց Սիրիայում «Իսլամական պետության» (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) զինյալների նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Դրանից հետո հայտարարվեց, որ նախագահի որոշման համաձայն` ամերիկյան զորքը դուրս կբերվի Սիրիայի հյուսիսարևելյան շրջանից։

Փորձագետը կարծում է, որ ամերիկյան ԶՈՒ–ի դուրսբերումից հետո Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը կրկին անկանխատեսելի կդառնա։ Դիմակայությանը կներգրավվեն շահագրգիռ երկրները, մասնավորապես` Թուրքիան, Իսրայելը և նույնիսկ Իրանը. պայքար կսկսվի սեփական դիրքերի ամրապնդման համար։

Հավանական է, որ Անկարան վերջապես կորոշի իրագործել իր հավակնությունները Սիրիայի հյուսիսային հատվածի նկատմամբ և կփորձի առաջ գնալ։

«Թուրքիայի իշխանությունը վտանգ է զգում քրդերի կողմից և կփորձի վերացնել իր համար վտանգավոր այդ գործոնը։ Սակայն մինչև ամերիկյան վերջին զինվորը չհեռանա Սիրիայից, Անկարան որևէ գործողություն չի ձեռնարկի», – կարծում է փորձագետը։

ԱՄՆ զորքի դուրսբերումը թույլ կտա Թուրքիային ներխուժել Սիրիայի հայաբնակ շրջաններ. Մանոյան

Եթե իրավիճակը սրվի, ապա դա չի կարող չանդրադառնալ նաև հայ համայնքի վրա։ Ավելին, Սիրիայի հյուսիսում Ցեղասպանությունից փրկված հայերի սերունդներ են բնակվում, և թուրքական ԶՈՒ ներկայությունը մերձակա շրջաններում շատ ցավոտ է ընդունվելու։ Համայնքն իրեն անվտանգ չի զգալու։ Փորձագետը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այդ հանգամանքին և ավելի ուշադիր հետևի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը։

Սիրիայի հայ համայնքը համարվում էր աշխարհի ամենահզոր համայնքներից մեկը և շուրջ 110 հազար մարդ էր ընդգրկում իր կազմում։ Սիրիական ճգնաժամից հետո, տարբեր գնահատականների համաձայն, ավելի քան 90 հազար հայ լքել է Սիրիան։ Սիրիայի Հալեպ քաղաքում շուրջ 60 հազար հայ էր բնակվում: