Վերադարձ ակունքներին. ինչպես են հայերը դարեր առաջ տոնել Նոր տարին

Հնում եղևնու փոխարեն ճյուղերից ծառ են սարքել ու խաղալիքների փոխարեն զարդարել են մրգով ու քաղցրավենիքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Հնում հայերի համար Նոր տարին որկրամոլության տոն չէր, այլ ավելի շուտ ծիսակատարություն, որի յուրաքանչյուր տարրն իր նշանակությունն ուներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի պատմության թանգարանի Էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինա Խաչմանուկյանը։

Տոնի նախօրեին ընտանիքի ամենատարիքով կինը տարեհաց էր թխում։ Նույն խմորից տիկնիկներ էին սարքում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Հենց այդ թխվածքաբլիթների վրա էլ գուշակություններ էին անում։ Եթե պատրաստելուց հետո խմորն ուռչում էր ու թմբլիկ բուլկու վերածվում, ապա նշանակում էր, որ այն մարդը, որի համար թխվել էր բլիթը, հաջողակ է լինելու, եթե կին տիկնիկի փորի հատվածն ուռչում էր, ապա նշանակում էր, որ նա երեխա է ունենալու, եթե պոկվում էր գլուխը կամ ձեռքը, ուրեմն անհաջողություն կամ հիվանդություն էր լինելու։

Վերադարձ ակունքներին. ինչպես են հայերը դարեր առաջ տոնել Նոր տարին

«Այդ թխվածքները ասիլիկ–վասիլիկ էին կոչվում։ Իսկ տարեհացը պատրաստում էին ընտանիքի անդամների թվով, մի կտոր ավելացնում էին տան համար, ևս մի կտոր էլ` ընտանիքի բացակա անդամի համար (եթե նա ճանապարհին էր կամ մահացել էր), – ասաց նա։

Հայերը նաև զարդարում էին տոնի խորհրդանիշը, բայց դա ոչ թե սովորական կանաչ եղևնի էր, այլ բնական ճյուղերից պատրաստված խորհրդանշական ծառ։ Ընտանիքի հայրը որդիների հետ ծառ էր սարքում, որը զարդարում էին կարմիր կամ կանաչ ժապավեններով ու տանը եղած մրգերի ու քաղցրավենիքի բոլոր տեսակներով։ Կարևոր էր, որ ծառը զարդարված լիներ հասկերով ու նռներով, քանի որ դրանք խորհրդանշում էին օջախի լիությունն ու միասնությունը։

Վերադարձ ակունքներին. ինչպես են հայերը դարեր առաջ տոնել Նոր տարին

«Հեթանոսական ժամանակներում հայերի մոտ ծառի պաշտամունք է եղել, ու դա աստիճանաբար անցել է քրիստոնեական մշակույթ։ Կարմիր ժապավենը ծառի վրա խորհրդանշում էր արևը, իսկ կանաչը` բնությունը։ Գրեթե բոլոր զարդերը ձվաձև կամ կլոր էին, ինչը խորհրդանշում էր հավերժությունը կամ կյանքը։ Հատկապես կարևոր էր, որ ամեն ինչ լիներ վառ ու գեղեցիկ», – նշեց նա` ավելացնելով, որ եղևնին զարդարելու գաղափարը եկել է XX դարում Եվրոպայից։

Արևմտյան Հայաստանում հախճապակյա ձվերը ներկելու ավանդույթ կար։ Դրանց վրա սերովբեներ էին նկարում և նվիրում էին եկեղեցիներին` ի հիշատակ հանգուցյալների։ Խաչմանուկյանի խոսքով` հենց դրանք են համարվում Ֆաբերժեի ձվերի նախատիպը։

Վերադարձ ակունքներին. ինչպես են հայերը դարեր առաջ տոնել Նոր տարին

Իսկ Արևելյան Հայաստանում մի ավանդույթ կար, որը կոչվում էր «կախուկա» (կամ «գոտեկախ», «չլոլունկ»): Երիտասարդներն Ամանորի նախորդ գիշերը բարձրանում էին խրճիթների տանիքների վրա, իրենց գոտիներով կապում էին ցանկացած տեսակի փաթեթ կամ էլ սեփական գուլպաները և կախում ծխնելույզից ` ընտանիքի անդամներին շնորհավորելով երգերով ու բարեմաղթանքներով։ Տանտիրուհին զամբյուղների մեջ մրգեր կամ քաղցրավենիք էր լցնում։

Հնում տան հայրը բարձրացնում էր առաջին բաժակը, օրհնում էր սեղանը, շնորհավորում էր ընտանիքի Նոր տարին, առաջարկում էր մեղր համտեսել, որ նոր տարում քաղցր օրերը շատ լինեն։ Իսկ աղջիկները տարեհացի կտորը ջուրն էին գցում կամ խարույկ էին անում ու տարվա բոլոր տհաճությունները փոխանցում կրակին։

Ժամանակակից աշխարհում հին ավանդույթներից քիչ բան է պահպանվել, բայց հայերը առաջվա պես կարևորում են Նոր տարվա տոնակատարությունը։ Ու այդ տոնի ծիսականությունը որոշ չափով մինչև հիմա էլ պահպանվել է։