Սպանություն Գյումրիում. ո՞վ է փորձում միավորներ վաստակել մարդկային ողբերգության հաշվին

Հայաստանում ռուսական ռազմակայանը կարևոր դեր է խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում և տարածաշրջանային կայունության առանցքային գործոն է։ Բայց կան մարդիկ և խմբեր, որոնց համար նեղ շահերը կարևոր են պետականից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Գյումրու բնակչուհու սպանությունը, որի մեջ կասկածում են Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ռուս զինծառայողին, ակտիվացրել է քաղաքական այն խմբերին ու անձանց, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց «Ժողովրդի ձայն» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը։

Երևանում կազմակերպվեց ակցիա՝ ի աջակցություն հայ-ռուսական հարաբերությունների

Նա այդպես մեկնաբանեց Ռուսաստանի դեսպանատան մոտ վերջերս տեղի ունեցած ցույցը։ Մասնակիցների շարքում եղել են մարդիկ, որոնք ոչ թե պահանջել են լուծել «հայ–ռուսական հարաբերություններում առկա խնդիրները», այլ նաև պահանջել են դուրս բերել ռուսական ռազմակայանը։

Ղուկասյանը կարծում է, որ հայ–ռուսական հարաբերությունների դեմ նպատակաուղղված է աշխատանք է տարվում։ Նրա խոսքով` բազայի տեղակայման դեմ առավել ակտիվ ելույթ է ունենում «Եվրոպական Հայաստանը», որի առաջնորդը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է։

Կազմակերպության ղեկավարը խոստանում է առաջիկայում հրապարակել հակառուսական ուժերի և տարրերի ֆինանսավորման աղբյուրները, սակայն ռուսական դեսպանատան մոտ ակցիայի ժամանակ ծածանված ԵՄ դրոշները հաշվի առնելով` կարելի է նաև նախնական հետևություններ անել։

«Ոչ ոք չի ասում, որ հայ–ռուսական հարաբերություններում չկան խնդիրներ և տարաձայնություններ։ Այո, տեղի է ունեցել ողբերգություն, բայց մենք վստահ ենք, որ իրավապահ մարմինները կարող են ադեկվատ գնահատական տալ կատարվածին և մեղավորներին ենթարկել պատասխանատվության։ Բայց չի կարելի շահարկել այդ ողբերգությունը և փորձել քաղաքական միավորներ վաստակել», – ավելացրեց Ղուկասյանը։

Ինչու է գյումրեցի կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը գտնվում ռազմակայանում

Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծի հետևանքով մահացել էր 57–ամյա Ջուլիետա Ղուկասյանը։ Սպանության կասկածանքով կալանավորվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Ա.Ռ–ն։

Դեկտեմբերի 11-ին տվյալ պահին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա. Ռ.-ն ձերբակալվել է վարույթ իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» 8-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ հոդվածով սահմանվում է. «ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասությանը վերաբերվող գործերով ռուսական ռազմական բազայի տարածքում դատավարական, օպերատիվ հետախուզական, քննչական կամ այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, նշված գործողությունները կատարվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ կամ ՀՀ իրավասու մարմինների գրավոր միջնորդությամբ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը»:

Ա. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Դեկտեմբերի 12-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Ա.Ռ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: