Գյումրիում հայտնաբերված նորածինների ճակատագիրը. որտե՞ղ և ինչպե՞ս են նրանք

Փոքրիկ Վահանի ու Վահեի առողջական վիճակը լավ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու  Ֆ. Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության  հաստատության բակում հայտնաբերված նորածինները  դեռ Գյումրիում են:

Փոքրիկ Վահանի ու Վահեի վիճակը լավ է։ Նրանք այս պահին դեռ շարունակում են մնալ Գյումրիում: 

Գյումրու սկանդալային դեպքի հետքերով. Թանդիլյանը կհանդիպի նորածիններից հրաժարված մոր հետ

Այս մասին տեղեկացնում է  Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը: «Երեխաները հաստատությունում են, լավ են և առողջ: Նրանք առայժմ շարունակում են Գյումրիում մնալ»,- նշեց պատասխանատուն:

Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժինն ահազանգ էր ստացել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:

Երեխաներին ընտանիք վերադարձնելու խնդրով անձամբ զբաղվել էր նաև հոկտեմբերի 22–ին Գյումրի այցելած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։