Ինչքան տույժ–տուգանքներ են ներել հայաստանյան բանկերը. բացահայտում է Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ են արել բանկերը հուլիսին իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Այս տարվա ընթացքում վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հարցը մեռյալ կետից կշարժվի. Նիկոլ Փաշինյանը գրել է զինվորականների վարկերի մասին

«Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի:

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար»,–գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը: