ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը՝ Ժամը 16:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբանոցում բեռնատար է կողաշրջվել և ավտոմեքենայի մոտ ընկած է տղամարդու դի:
Օպերատիվ ժամանած փրկարարները մեծ դժվարությամբ շինարարական աղբի միջից դուրս են բերել մահացածի դին և մոտ 1 կիլոմետր քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են ավտոմեքենայի: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետն ու դատական բժիշկը:
Փրկարարները դին հայտնաբերել են բեռնատարից մոտ 20 մետր հեռավորության վրա, իսկ բարձրությունը, որտեղից ավտոմեքենան գլորվել է ցած՝ մոտ 70 մետր է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:
Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ պարզվել է, որ ЗИЛ MMZ-45021 մակնիշի 225 AF 61 բեռնատարը հաշվառված է «ՎԵԿՍ» ՍՊԸ-ի հաշվեկշռում, որը գրանցված է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, իսկ մահացածը Երևանի բնակիչ, 44-ամյա Ալբերտ Շահվերդյանն է: