Դանակահարություն` վիճաբանության ժամանակ. 20–ամյա երիտասարդը ձերբակալվել է

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 24-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Երևանում Արմավիրի 24-ամյա բնակչի դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ են պարզվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Նա ձերբակալվել է:

Սպանություններն այս տարի ամենաքիչն են եղել. Փաշինյան

2018թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնից հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:25-ին, կրծքավանդակի «ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ թոքի վնասումով, և ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի Աբելյան փողոցի շենքերից մեկի մոտից շտապօգնության ծառայության կողմից «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզի մի 24–ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 24-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 20–ամյա բնակիչ է։

Պարզվել է, որ դեպքի օրն Արմավիրի 24-ամյա երիտասարդը և Երևանի 20-ամյա բնակիչը Աջափնյակի դպրոցներից մեկի հետնամասում գտնվող ավտոտնակների մոտ վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած խոհանոցային դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Արմավիրի մարզի բնակչին:

20-ամյա երիտասարդը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նա ձերբակալվել է՝ առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ երիտասարդը մատնացույց է արել հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակի գտնվելու վայրը, ինչը հայտնաբերվել և առգրավվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: