ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին և խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս մասին գրում է Ermenihaber–ը։
Անդրադառնալով Հայաստանի նոր իշխանության այն հայտարարությանը, թե Երևանն առանց նախապայմանների պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, Չավուշօղլուն ասել է.
«Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, թե «պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցել», սակայն մեր նախապայմանը հստակ է: Ադրբեջանի զգայունությունն առանց հաշվի առնելու մի՞թե որևէ քայլ կանենք: Պետք է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները միաժամանակ կարգավորելով քայլեր ձեռնարկել, խնդիրները լուծել: Սա Հայաստանի համար ավելի ողջամիտ կլինի: Ղարաբաղի հարցը, բռնագրաված հողերի խնդիրը պիտի լուծել»:
Չավուշօղլուն նշել է, որ եթե Հայաստանը չի ուզում մեկուսացված ապրել, ապա պետք է առկա խնդիրները լուծվեն: Նա շարունակել է՝ ասելով. «Թուրքիայի համար զգայուն հարցերը հայտնի են: Մենք կսատարենք այն լուծումը, որը կընդունի Ադրբեջանը»:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ասել էր, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ուղիղ, առանց նախապայմանների հարաբերություններին։