Մանվել Գրիգորյանին թաքուն են ստուգել. ամեն ինչ արել են, որ ցուցարարները չիմանան.«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը պարզել է, թե ինչպես է Մանվել Գրիգորյանը հերթական փորձաքննությունն անցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Մանվել Գրիգորյանը երեկ անցել է դատաբժշկական հերթական փորձաքննությունը, վերջնական եզրակացության համար դեռ ժամանակ կպահանջվի: Այս մասին գրում է «Հրապարկ» օրաթերթը և նշում` հարազատներն ու բժիշկներն ամեն ինչ արել են անաղմուկ, որ ցուցարարները հանկարծ չհայտնվեն Հերացու փողոցում և խանգարեն գործընթացին։

Մանվել Գրիգորյանի գործով դատավորի նկատմամբ հնչող ատելության խոսքերը մտահոգիչ են. ՄԻՊ

«Ցուցարարները, ի դեպ, բավականին բազմաշերտ են՝ նրանց մեջ են քաղակտիվիստներ, «կապտամազ» Ասիայի ընկերներից կան, սակայն հիմնական կազմակերպիչները Դոն Պիպոն և Լենինգրադի Տիկոն են»,- ասել է Մանվել Գրիգորյանի մերձավորներից մեկը:

Իսկ ինչպե՞ս է գնահատել Գրիգորյանի ներկա վիճակը նրան բուժող բժիշկ Արտակ Մանուկյանը։

«Երեկ տեղի ունեցած էքսպերտիզան թվով երկրորդն էր՝ առաջինից հետո եզրակացության մեջ գրվել էր, որ խափանման միջոցը համատեղելի է առողջական վիճակի հետ, սակայն կարծում եմ` այս անգամ դժվար նման եզրակացության «գան»։ Օնկոմարկերների ցուցիչները բարձրացել են, մոտեցել անթույլատրելիի սահմանին, իսկ դա նշանակում է ուռուցքի աճ»,– ասել է նա։

Ըստ թերթի` Գրիգորյանի հիմնական բժիշկը հորդորում է տեղափոխել Ֆրանսիա` հետազոտման, բուժման, ՊԷԴ-սկան անցնելու, սակայն հանրապետությունից բացակայելու խնդիրը կա։

«Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է այլ պատճառով». «Ժողովուրդ»

«Մենք գեներալին հորդորում ենք մեզ մոտ պառկել հիվանդանոց` բուժման, սակայն նույն ցույցերի պատճառով նա չի համաձայնում։ Բժիշկն ու բուժքույրն ամեն օր տուն են այցելում` սիստեմաները, բուժումները ստանում է տնային պայմաններում»,– ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին որոշել էր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ազատ արձակել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Դրանից անմիջապես հետո Էջմիածնում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Ինքնադատաստանի հնարավոր փորձերը կանխելու նպատակով Գրիգորյանին տեղափոխել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղ, որտեղ նա առանձնատուն ունի։ Ոստիկանությունն այնտեղ շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում։

Մանվել Գրիգորյանին կալանավորել էին (պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո) այս տարվա հունիսին` ապօրինի զենք պահելու և զինվորների համար նախատեսված պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով։ ՀՔԾ–ն նրա առանձնատանը խուզարկություն էր իրականացրել։ Ուժային մարմինների աշխատակիցները այնտեղ զինվորների համար նախատեսված մեծ թվով պարենամթերք էին հայտնաբերել։