Հրանուշ Հակոբյանը խնդրանքով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Հրանուշ Հակոբյանը խնդրել է Նիկոլ Փաշինյանին ևս մեկ անգամ քննարկել Սփյուռքի նախարարության պահպանման հնարավորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և խնդրել նրան ևս մեկ անգամ քննարկել նախարարության պահպանման հնարավորությունը։

Այս մասին Հրանուշ Հակոբյանն ասել է «Զարթօնքի» հետ հարցազրույցում։

Նախարարությունը միայն Հայաստանին չի պատկանում, նաև` սփյուռքին. սփյուռքահայերը բողոքում են

«Ժողովուրդը բացարձակ վստահության քվե է տվել ՀՀ վարչապետին և նրա թիմին, և բնական է, որ Նիկոլ Փաշինյանն է որոշելու երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունները։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել և խնդրել վարչապետին ևս մեկ անգամ քննարկելու նախարարության պահպանման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ մեր ազգի 2/3-ը ապրում է հայրենիքից դուրս, և նրանց հետ աշխատանքի հսկայական փորձ է կուտակվել»,–ասել է նախկին նախարարը։

Հրանուշ Հակոբյանն ընդգծել է, որ սփյուռքի հետ կան սերտ կապեր, որոնք հաստատվել են տարիների ընթացքում փորձ և գիտելիքներ  ձեռք բերած,  գործին նվիրված, աշխատասեր երիտասարդների թիմի շնորհիվ։

«Հասկանալի է, որ իմ սիրտը շատ է ցավում հյուլե առ հյուլե տառապանքով կերտված կառույցի տարրալուծման համար»,- հարցազրույցում նշել է Հրանուշ Հակոբյանը: 

Նա նաև շնորհակալություն է հայտնել խնդրով շահագրգիռ սփյուռքահայ բարեկամներին` նշելով, որ նրանց օգնությամբ են կառուցել նախարարությունը՝ իր կյանքի տասը տարիները նվիրելով կառույցի կայացմանը և հեղինակության բարձրացմանը