Սա Երևանի ավագանին է, «детка». Խաչատրյանը պահանջում է, որ Մարությանը ներողություն խնդրի

Երևանի քաղաքապետարանի նախկին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամն անդրադարձել է երեկ ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե նախկին «Ելք» խմբակցությունը ստացել է 55 հազար դրամ աշխատավարձ և ոչինչ չի արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի նախկին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Պարոն Մարության, մինչ Դուք զբաղված էիք «Ազիզյանների» հերթական սերիան նկարահանելով և եթերը անպարկեշտ, ցածրորակ ու հակադաստիարակչական տեքստեր լցնելով, Երևանի նախորդ ավագանու ընդդիմադիր ուժերն իրենց կյանքն ու առողջությունը չէին խնայում Երևանի կառավարումը փրկելու գործում։ Այդ մարդկանց ջանքերի շնորհիվ ավագանին սկսեց գործել որպես քաղաքապետարանի կառավարումն իրապես վերահսկող կառույց։ Կարծում եմ` պարզապես անշնորհակալ ու ամոթալի է նրանց կատարած աշխատանքը չտեսնելու տալը։ Ավելին, ես վստահ եմ, որ նաև նրանց գործունեության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հեղափոխություն և Ձեզ նվիրել քաղաքապետի աթոռը։ Ինչևէ, կատարած աշխատանքն ու պայքարը չտեսնելը Ձեր սուբյեկտիվ մոտեցումն ու խնդիրն է»,– գրել է նա։

ՔՊ անդամները լուրջ խոսակցություն են ունեցել Հայկ Մարությանի հետ. «Ժամանակ»

Խաչատրյանը Մարությանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել ասածների համար և դադարեցնել ներկայիս ավագանու անդամներին 55․000 դրամ փոխհատուցում տրամադրելը։

«Քանի-որ մենք համոզված չենք, որ նրանք այդ գումարը ստանալով ինչ-որ բարենպաստ գործ կկատարեն մեր քաղաքի համար։ Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չէ»,– գրել է նա։

Հիշեցնենք` Հայկ Մարությանը երեկ ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր, թե նախկին «Ելք» խմբակցությունը ստացել է 55 հազար դրամ աշխատավարձ և ոչինչ չի արել։