Հայաստանում գների անհիմն բարձրացում թույլ չեն տա. խոշորացույցի տակ գերիշխողներն են

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անցնում է առավել խիստ վերահսկողության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն Ամանորին ընդառաջ առավել խիստ վերահսկողություն կիրականացնի գերիշխող ապրանքային շուկաներում: Վերահսկողությունն իրականացվելու է հակամրցակցային գործողությունների, շուկա մուտք գործելու խոչընդոտների, ինչպես նաև գների անհիմն բարձրացումների կանխարգելման նպատակով: Այս մասին նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։

Բնակարանների գներն աճել են ու դեռ աճելու են. Կադաստրի ղեկավար

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տոնական օրերի շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, ինչը պարունակում է նաև անբարեխիղճ տնտեսվարողների կողմից չարաշահումների որոշակի ռիսկեր, տարվա ընթացքում կատարվող շաբաթական երեքանգամյա մոնիթորինգի և դիտանցումների փոխարեն, Հանձնաժողովը անցնում է ամենօրյա ռեժիմի:

«Միաժամանակ, գերիշխող տնտեսվարողներին հորդորում ենք գործել բարեխիղճ և զերծ մնալ մրցակցային օրենսդրության խախտումներից: Հանձնաժողովի աշխատանքային խումբը խոշոր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարողների վարքագծին հետևելու է մինչ Ամանոր և նաև հետտոնական օրերին՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մրցակցության կանոնների խախտման այնպիսի դեպքեր հայտնաբերելիս, որոնք կվնասեն սպառողի կամ բարեխիղճ տնտեսվարողների շահերին, Հանձնաժողովը կկիրառի օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: