ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Տոնական օրերին Արտակարգ իրավիճակների որոշ ստորաբաժանումներ կաշխատեն ուժեղացված ռեժիմով։
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացված ռեժիմով:
Տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կուժեղացվի հսկողությունը մշակութային օբյեկտներում կազմակերպվող տոնական միջոցառումների ժամանակ հրդեհային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ։
Առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները: