Ադրբեջանցի զինծառայողների միջև վեճ և փոխհրաձգություն է եղել, հավանաբար զոհ ունեն. ԱՀ ՊՆ

Չի բացառվում նաև, որ ադրբեջանական էլիտան, իր երևակայությանը բնորոշ շեշտադրումներով, փորձի կատարվածի հետևանքով ունեցած կորուստները վերագրել հայկական կողմին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Այսօր դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Բաշ-Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված մարտական հենակետերից մեկում, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև բարձր (ամենայն հավանականությամբ վիճաբանության, իսկ այնուհետև փոխհրաձգության) ձայներ, որից հետո դիտարկվել է հակառակորդի զինծառայողների կողմից ընկած զինծառայողին քարշ տալով տանելը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն...

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից:

«Նմանատիպ միջադեպերը հաճախակի կրկնվող երևույթներ են, որոնք մշտապես դիտարկվում և արձանագրվում են հայ դիրքապահների կողմից, ինչը վառ  վկայությունն է այն իրողության, որ Ադրբեջանի զինված ուժերում կարգապահական և միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ  անմխիթար վիճակում:

Վերոնշյալ միջադեպի արդյունքում հակառակորդ կողմը հավանաբար կունենա կորուստներ,որոնց մասին ավանդույթի համաձայն նախընտրում է չհայտարարել: Չի բացառվում նաև, որ ադրբեջանական էլիտան, իր  երևակայությանը բնորոշ շեշտադրումներով, ամենայն հավանականությամբ կփորձի կատարվածի արդյունքում տեղ գտած կորուստները վերագրել հայկական կողմին»,- ասվում է հաղորդագրության մեջ: