Նոր տարվա լավագույն նվերը ապագա լրագրողներին. լուսանկարներ

Ժամանակակից տեխնիկայով հագեցած ստուդիան ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար այլևս անհասանելի երազանք չէ։ Հունվարի 1-ից իրենց մասնագիտական դասընթացները նրանք կանցկացնեն իրական ձայնագրման ստուդիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Ժուռնալիստիկայի ֆակուլտետն իր ուսանողներին մատուցեց Նոր Տարվա լավագույն նվերը` նոր ձայնագրման ստուդիայի տեսքով։

Ժամանակակից տեխնիկայով հագեցած նոր ստուդիան հնարավորություն կտա ապագա լրագրողներին իրենց մասնագիտական կարողությունները զարգացնել ու ինքնաբացահայտվել դեռ ուսանողական նստարանից։

Փաշինյանն էլ չի փրկի. ո՞ր մասնագիտություններն են ոչնչացման եզրին

Ինչպես բացման արարողության ընթացքում նշեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, նորաբաց ստուդիան ուսանողներին հնարավորություն կտա պատրաստել սեփական հաղորդումներ, ռեպորտաժներ, որոնք չի բացառվում, որ հետագայում կհեռարձակվեն զանգվածային լրատվամիջոցներով։

«Մեր ուսանողների պատրաստած հաղորդումները կներկայացվեն ավելի լայն լսարանի։ Հուսով եմ, որ դրանք կլինեն այնպիսի բարձր որակի, որ լրատվամիջոցներն իրենք շահագրգռված կլինեն համալսարանի հետ համագործակցության գնալ»,– ասաց Մարտիրոսյանը։

Դեկանը նաև հույս հայտնեց, որ առաջիկայում համալսարանը կունենա նաև նույնքան ժամանակակից հեռուստաստուդիա։

Իսկ ինչ վերաբերում է ռադիոստուդիային, այն ստեղծվել է Sputnik Արմենիայի հնչունային ռեժիսորներ Արսեն Հակոբյանի և Տիգրան Հակոբյանի ջանքերով։ Տարածքը տրամադրել է համալսարանի ղեկավարությունը, տեխնիկան` Հակոբյանների հիմնադրած «Սաունդ Պրոգրես» ընկերությունը։

Փորձառու մասնագետները պատրաստակամություն են ցուցաբերել իրենց գործուն մասնակցությամբ աջակցելու ապագա լրագրողների մասնագիտական կրթությանը։